«Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց ելույթներով ցույց են տալիս ընդդիմության առողջ և կառուցողական դերը». Ռիչարդ Կիրակոսյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, առանձնացրեց 3 կարևորագույն կետեր. ընտրությունների վերլուծությունը, ընտրությունների ազդեցությունը Վրաստանի ապագայի վրա և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա:
«Վրացական ընտրությունների հետ կապված կա երկու առանձնահատուկ հանգամանք. առաջինն այն է, որ նախընտրական շրջանում իրավիճակը Վրաստանում շատ բևեռացված էր, երկրորդը, որն ավելի կարևոր է` այն է, որ դա նոր քաղաքական պայքար էր, որը մղվում էր պաշտոնավարող նախագահի առավելությունների, կառավարական ուժերի և մյուս կողմից` մասնավոր հարստության միջև: Այլ խոսքերով` սա պայքար էր գործող իշխանության և հարուստ օլիգարխի միջև»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ ընտրությունները նաև հետաքրքիր էին նրանով, որ դրանց մասնակցում էին 14 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինքներ:
«Վրաստանի իշխող` «Ազգային շարժում» կուսակցությունը, որը մեծամասնություն էր կազմում վրացական խորհրդարանում, այս անգամ պարտվեց, և հաղթեց «Վրացական երազանք» դաշինքը, որի առաջնորդը հարուստ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է: Վերջինս կարողացավ ընդդիմադիր ճամբարի մեջ միավորել 6 ընդդիմադիր կուսակցությունների: Հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը միավորված էր միայն Սահակաշվիլիի դեմ պայքարելու գաղափարի շուրջ, և «Վրացական երազանքի» ներսում կան լուրջ հակասություններ, քանի որ այնտեղ ընգրկված են և´ դեմոկրատներ, և, ասենք, ազգայնականներ, և հիմա այդ հակասությունները կշարունակվեն»,- ասաց նա: Ռ.Կիրակոսյանը նշեց, որ այս ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագան, քանի որ 2010 թ. իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ուժեղացել են խորհրդարանի և վարչապետի լիազորությունները, և սահմանափակվել է նախագահի իշխանությունը, սակայն այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո:
Ըստ փորձագետի `ընտրությունների հետ կապված մյուս հետաքրքրական փաստն այն է, որ դրանց արդյունքներն անակնկալ էին շատերի համար, և շատ քիչ մարդիկ էին սպասում, որ իշխանությունը կպարտվի, և այդ պայմաններում ընդդիմության հաղթանակի մեջ կարևոր դեր խաղաց սեպտեմբերի 18-ին տարածված հայտնի տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում էին Գլդանի բանտի բանտարկյալների նկատմամբ բռնությունները, որոնք ցնցեցին երկրի քաղաքական դաշտը և շփոթության մեջ գցեցին կառավարությանը:
Ամփոփելով իր վերլուծությունը` Ռ.Կիրակոսյանն ասաց, որ կան 5 կարևոր կետեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Հայաստանի համար առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Վրաստանի իշխող կուսակցությունն անակնկալ կերպով պարտվեց: Սա դաս է այն մասին, որ գործող իշխանությունը չպետք է չափազանց ինքնավստահ և գոռոզ լինի: Երկրորդ դասը` չպետք է երբեք անտեսել և արհամարհել քաղաքացիական պահանջները: Սա նաև ցույց է տալիս ժողովրդավարության ուժը Վրաստանում: Երրորդ դասը նույնպես կարևոր է. ներկայումս այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, պատմական նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում առաջին անգամ տեղի է ունենում իշխանափոխություն խաղաղ ճանապարհով»:
Ըստ փորձագետի` Վրաստանը և Հայաստանը բավական նման են, և երկու երկրներում էլ կա առողջ քաղաքական պայքարի մթնոլորտ: «Դա մենք այսօր տեսնում ենք ՀՀ խորհրդարանում, ինչը արտահայտվում է Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթներով, որոնք ցույց են տալիս ընդդիմության առողջ և կառուցողական դերը` մարտահրավեր նետելու իշխանությանը»:
Իսկ վերջին կարևոր հանգամանքը, որն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի ամենակարևորն է Հայաստանի համար` այն է, թե ինչ հարևան կունենա Հայաստանը հյուսիսում, քանի որ Վրաստանի արտաքին քաղաքակության մեջ փոփոխությունները կարող են շատ լավ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Մենք պետք է հույս ունենանք, որ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ կլինեն փոփոխություններ, և Վրաստանը կբարելավի հարաբերությունները Վրաստանի հետ, ինչը շահավետ կլինի Հայաստանի համար: Այդ պատճառով Հայաստանն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի իր հարևան երկրներում տեղի ունեցող զարգացումների վրա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Իսկ 168.am-ի հարցին, թե` ինչպիսի՞ փոփոխություններ կկրի Վրաստանի արտաքին քաղաքականությունը, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ, քանի որ «Վրացական երազանքը» դեռևս չունի արտաքին քաղաքականություն` որպես այդպիսին, սակայն ես ակնկալում եմ, որ, ինչպես ԱՄՆ-ի նախագահ Օբաման է քայլեր ձեռնարկում վերականգնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնը կարող է անել Վրաստանը»:
Իսկ մեր մյուս հարցին, թե` որքանո՞վ է Իվանիշվիլին նման, օրինակ, հայաստանյան օլիգարխներին, փորձագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ երկրի համար լավ է, որ այդ երկրում իշխում են օլիգարխները` անկախ նրանից, թե դա Բեռլուսկոնի՞ն է Իտալիայում, Իվանիշվիլի՞ն` Վրաստանում, թե՞ հայ օլիգարխները: Այսինքն` հարստությունը և բիզնեսը քաղաքանության մեջ ավելի շատ վնասներ են հասցնում, քան օգուտներ բերում ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Ազգային Ժողովում է, որը հայ պատգամավորները վերածել են բիզնես ակումբի»: