
Պետք է վերջ տալ անիմաստ դպրոցաշինությանը

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը կառավարությանը հարցրեց, թե ի՞նչ իմաստ ունի վերանորոգել դպրոցները, դրանց վրա հսկայական գումարներ ծախսել, եթե այդ վերանորոգված դպրոցները չեն ծառայում ըստ նպատակի` յուրաքանչյուր դպրոցում ընդամենը մի քանի դասարան է գործում, իսկ մնացած դասասենյակներն ուղղակի պարապուրդի են մատնվում: Կարինե Աճեմյանն այդ հարցը տալիս էր` պետբյուջեի միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու մտահոգությունից դրդված:
Պատգամավորին մտահոգող այս հարցին պատասխանեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հայտարարեց, որ խորհրդային դպրոցները կառուցվել են այլ չափանիշներով, իսկ անկախ Հայաստանի չափանիշներն ավելի լավն են: Մասնավորապես նշեց, որ խորհրդային հազար տեղանոց դպրոցը ներկա չափանիշներով կարող է սպասարկել առավելագույնը 750 աշակերտի:
Նախարարը հասկացրեց, որ ներկա չափանիշներն աշակերտների համար ավելի ընդարձակ պայմաններ են ենթադրում: Բայց նախարար Արմեն Աշոտյանը չկարողացավ շրջանցել բուն խնդիրը և խոստովանեց, որ կա նաև ժողովրդագրական խնդիր, և աշակերտների թիվը դպրոցներում պակասել է, բայց դա չի նշանակում, թե չօգտագործվող տարածքները պետք է օտարվեն և օգտագործվեն այլ նպատակներով:
Նա վստահեցրեց, որ այդ տարածքները պետք է ծառայեն բացառապես կրթական նպատակների համար: Իսկ Կարինե Աճեմյանը դարձյալ մտահոգություն հայտնեց, որ հսկայական դպրոցական շենքերում օգտագործվում են ընդամենը մի քանի դասասենյակներ, չնայած` դրանք ամբողջական վերանորոգման են ենթարկվել, իսկ կան դպրոցներ էլ, որ սպասում են իրենց հերթին:
Կարինե Աճեմյանի մտահոգությունն իսկապես տեղին է: Մի քանի հազար բնակիչ ունեցող գյուղերում նախկինում մի քանի հարյուր աշակերտանոց դպրոցներ էին գործում, և դրա համար կառուցվել են հսկայական շենքեր: Հիմա այդ գյուղերը դատարկվել են, և շատ դեպքերում նույնիսկ մեկ դասարան չի կազմավորվում: Եվ այս պայմաններում պետական միջոցները վատնել այդ դպրոցները վերանորոգելու համար` իսկապես անիմաստ է: Պետք է սպասել մի քանի տարի ևս, և այդ դպրոցներն ընդհանրապես կդադարեն գործել, քանի որ գյուղից հեռացած կլինի վերջին աշակերտը, գուցե` վերջին ընտանիքի հետ:
Ինչ վերաբերում է այդ շենքերը օտարել կամ չօտարելուն, ապա չենք կարծում, որ դատարկված գյուղում դպրոցի շենքն ինչ-որ մեկին կարող է հետաքրքրել, և քանի դեռ այնտեղ ինչ-որ մարդ կա, ով հետաքրքրություն ունի այդ շենքերի նկատմամբ, ապա պետք է պատեհ պահը չկորցնել և դպրոցի շենքն օտարել:
Գոնե` պետբյուջեից ծախսված միջոցները հետ բերելու նպատակով: Այդ գումարները կարող են ավելի արդյունավետ օգտագործվել. ինչո՞ւ չէ, պատգամավորներին և նախարարներին գործուղման ծախսեր վճարելու նպատակով: Ինչպես հայտնի է` այդ գործուղումների ժամանակ նրանք միջազգային կառույցներում պաշտպանում են մեր պետականության և ժողովրդի շահերը, և այդ գործընթացը խրախուսելու փոխարեն` պետական առանց այն էլ սուղ միջոցները դատարկ դպրոցների վրա ծախսելն ուղղակի աններելի հանցագործություն է: