«ԱԺ մուտք գործելու դեպքում, պարզ է` կեդեր և ջինս չեմ հագնի, բայց կպահպանեմ իմ օրիգինալությունը». DJ Վակցինա

168.am-ի հետ զրույցում ասում է DJ Վակցինան: Նա շատ հետաքրքիր և իր ուրույն կյանքով ապրող, իր հայացքներն ունեցող անձնավորություն է: Ծնվել-մեծացել է գիտնականների ընտանիքում, և շատ ցավում է, որ գիտությամբ, ֆիզիկայով չի զբաղվում: Նրան լավ ծանոթ են գիտության ոլորտի խնդիրները, և շատ ափսոսում է, որ մեր երկրում չեն գնահատվում մտավոր արժեքները: Դեռևս Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ դիջեյ Վակցինայի անվան շուրջ խոսակցություններ եղան, թե նա ցանկանում է ԱԺ պատգամավոր դառնալ: DJ Վակցինայի հետ զրույցում անդրադարձանք և այդ խոսակցություններին, և նրա առաջիկա ծրագրերին:

– Ցանկանում էիր Ազգային ժողով մուտք գործել, ի՞նչն էր պատճառը:

– Իմ դեպքում ոչ թե վառ կերպարն է ստիպել, որ ցանկանամ ԱԺ մուտք գործել, այլ` որովհետև ես որոշակի ամբիցիաներ ունեմ քաղաքական ասպարեզի հետ կապված: Ես միշտ էլ ակտիվիստ եմ եղել, մասնակցել եմ երիտասարդական տարբեր շարժումների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին, թմրամիջոցների, ծխախոտի դեմ պայքարին:

Ընդհանրապես երիտասարդությունը քաղաքականապես շատ պասիվ է: Եթե որոշեմ վաղը կամ մյուս օրը դառնալ պատգամավոր, ապա կփորձեմ երիտասարդությանը դնել այլ ուղու վրա: Կցանկանամ, որ մեր հասարակությունը հետաքրքրված լինի իր իսկ խնդիրներով: Այսօր մարդկանց խումբ կա, որ կարիք ունեն ԱԺ-ում տեսնելու մարդկանց, ովքեր կբարձրացնեն հասարակության խնդիրները: Չգիտեմ` պատգամավոր կդառնա՞մ, թե՞ չէ, բայց հասարակական ծրագրերի վրա աշխատում եմ: Արդեն չորս տարի է` զբաղվում եմ հասարակական խնդիրներով: Հիմա «Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպության նախագահն եմ, որը զբաղվում է հասարակությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրելով:

– Ինչպե՞ս ես քեզ պատկերացնում ԱԺ-ում:

– Վատն այն է, որ այդ ամբողջ թոհուբոհի մեջ քննարկվեց իմ վառ կերպարը: Մարդիկ խոսում էին այն մասին, որ, եթե ես գնամ` լավ երաժշտություն եմ նվագելու պատգամավորների համար, ոմանք ասում էին, թե նորություն, գույն կմտնի Ազգային ժողով: Բայց ինչ վերաբերում է իմ` ԱԺ-ում ինձ պատկերացնելուն, ապա ես հաստատ չեմ պատրաստվում լինել ստանդարտ, բոլոր կին պատգամավորների նման: Հաստատ կպահեմ իմ ոճը, բայց կեդեր և ջինս, պարզ է, որ չեմ հագնիգ Ինչպես էլ հագնվեմ` հաստատ կպահպանեմ իմ օրիգինալությունը:

– Քաղաքականության և երաժշտության մեջ դու ի՞նչ նմանություն ես տեսնում:

– Երկուսն էլ փորձում են մարդկանց համար ինչ-որ լավ բան ստեղծել: Երաժշտության միջոցով իրականում շատ կարևոր բաներ կարելի է անել: Երաժշտությունը, լինելով արվեստ, որը չի ճանաչում երկիր ու մշակույթ, կարող է առավել շատ լսարան վայելել, կարող է շատերի համար ընկալելի ու հասկանալի լինել:

– Հայտնի է, որ պատրաստվում ես հայկական երաժշտությունը ներկայացնել Ամստերդամում: Կպատմե՞ս այդ մասին:

– Հայկական երաժշտությունը շուտով, եթե վիզայի խնդիրը լուծվի, կներկայացնեմ Ամստերդամում` հայկական փառատոնի շրջանակներում: Փառատոնը կոչվելու է «Հոպպա»: Տասը երգեր ենք ընտրել, որոնք մշակել ենք` պահպանելով նրանց ասելիքը: Ստեղծվել են դրանց ռեմիքս տարբերակները, որոնք ես նվագելու եմ Ամստերդամի հայտնի ակումբներից մեկում: Ռեմիքսներն արվել են անցած տարի` «Բերքի փառատոնի» շրջանակներում, որի ընթացքում հնարավորություն ստացանք ընտրելու լավագույն հին ստեղծագործությունները և դրանք ռեմիքս անել:Դա եղել է օֆիցիալ պատվեր և այն չի տարածվել: Ընտրվել են իսկական, որակյալ, հայկական ստեղծագործությունները:

– Ռեմիքսները վերջին ժամանակներում արդիական են դարձել: Դու ի՞նչ կարծիքի ես այդ երաժշտության մասին: Ռեմիքսի պատվերներ ընդունո՞ւմ ես:

– Հիմա շատ են ինձ դիմում, որ ռեմիքս անեմ, բայց հավատացեք` չեմ անում: Ես ռեմիքսների պատվերներ շատ չեմ վերցնում, չեմ գտնում, որ կա արժանի ստեղծագործություն: Դա իրենից շատ մեծ մշակույթ է ներկայացնում: Հավատացեք, մեծ աշխատանք է կատարվում որևէ երգի ռեմիքս տարբերակը հավաքելու համար:

– Նվագում ես նաև հարսանիքներում, ուր քեզ հրավիրում են: Ի՞նչ երաժշտություն է հայ հասարակությունն այսօր նախընտրում հարսանիքների ժամանակ:

– Այսօր լինելով լավագույն ակումբներից մեկի PR տնօրենը, կարող եմ ասել, որ հայ երիտասարդությունը պահանջում է ակումբային երաժշտություն: Ժամանակ կար, որ անհեթեթ էր պատկերացնել, որ խանութներում, մեքենաների մեջ կարելի էր լսել ակումբային երաժշտություն, բայց այսօր կա: Անգամ հարսանիքներին նախընտրում են ավանդական տաշի-տուշիների փոխարեն` լսել ակումբային, ռիթմիկ, լավ երաժշտություն: Այսօր հասարակությունը կարևորում է լավ երաժշտությունը:

– Ունե՞ս հստակ հավաքված երաժշտական ծրագիր:

– Ծրագիրն ամեն անգամ փոփոխվում է: Հայաստանի համար որոշակի սկզբունքներով եմ աշխատում, իսկ դրսում` ուրիշ: Դա կախված է տեղից, մարդկանց ընկալումից:

– Ի՞նչ ես հիմնականում նվագում:

– Շատ են սիրում ռետրո երաժշտություն: Նույնիսկ այն սերունդը, որ չի էլ լսել այդ երաժշտությունը, սկսում է ուրախանալ այդ երաժշտության տակ, նվագում եմ նաև մեր հայկական հիթերը:

– Հարսանիքների ընթացքում մարդիկ ի՞նչ վերաբերմունք են ցուցաբերում DJ-ի նկատմամբ, արդյոք պատկերացնո՞ւմ են նրա աշխատանքի էությունը:

– Ծիծաղելին այն է, որ գալիս և ցանկանում են դիջեյին գումար տալ երաժշտության համար: Այդպիսի բան չի կարող լինել: Լինում են, իհարկե, անհատներ, որ վերցնում են գումարը: Բայց մեր ռեպերտուարը շատ հստակ է, մենք գնում և նվագում ենք նախապես հարսանիքի տերերի հետ պլանավորած, հստակեցրած երգացանկով: Մեր գործը երաժիշտների գործի նման չի, մեր հանդեպ էթիկայի կանոնները պետք է պահվեն:

– Գիտեմ, որ առողջ ապրելակերպով ես ապրում, չնայած աշխատանքային հստակ գրաֆիկ չունես: Ինչպե՞ս ես դա անում:

– Ես սիրում եմ իմ կյանքը: Օրական մեկ ժամ պարտադիր սպորտով եմ զբաղվում: Մեծ ուշադրություն եմ դարձնում մեջքի վարժություններին, դրանք շատ կարևոր են: Ուտում եմ բանջարեղեն, կաթնամթերք, միս: Աշխատում եմ ամեն բան անել` առողջ ապրելու համար: Ես գիտակից եմ վերաբերվում իմ առողջությանը:

Ընդհանրապես չեմ օգտագործում քիմիական հավելումներով սնունդ, հյութեր, չեմ ուտում խմորային կերակուրներ: Բոլոր հիվանդությունները, որ առաջանում են 40 տարեկանից հետո` հենց երիտասարդության տարիներին արած սխալների հետևանք են: Իմ համար կյանքը թանկ է, և եթե կարողանամ կյանքս մեկ րոպեով էլ երկարացնել` կանեմ դա: Ես զարմանում եմ այն աղջիկների վրա, ովքեր ծխում են: Շատ բացասական եմ վերաբերվում դրան: Դա վնասում է ոչ միայն իրենց, այլև իրենց ապագա սերունդներին:

– Քո երկրում դու լա՞վ ես ապրում:

– Ես եմ ստեղծել իմ երկրում այն կյանքը, որով հիմա ապրում եմ: Այն, ինչ ես այստեղ արել եմ` մենակ եմ արել, փորձել եմ ստեղծել, բայց ես վստահ կարող եմ ասել, որ այս նույն աշխատանքը եթե ես այլ երկրում անեի, ասենք` ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, շատ ավելի շատ բանի կարող էի հասնել: Բայց չեմ դժգոհում: Աշխատող մարդն ամեն տեղ էլ աշխատում է:

Ինձ շատ են առաջարկել դրսում աշխատել: Ես սիրում եմ այն, ինչ այստեղ անում եմ: Ես ուրիշի ունեցածի վրա աչք չեմ դնում: Ինչ ունեմ` դրանով բավարարվում եմ, դա էլ սիրում եմ: Ես այսօր իմ գործում, իմ ստեղծածով հասել եմ շատ բարձր տեղ: Ունեմ իմ ընկերությունը, որը հարսանեկան դիջեյներ է տրամադրում. այս գործով օլիգարխ չես դառնա, բայց դժգոհ չեմ:

Միակ բանը, որի համար շատ եմ ցավում, դա այն է, որ ես ֆանատիկորեն սիրում եմ գիտությունն ու ֆիզիկան և դրանով չեմ զբաղվում: Իմ ընտանիքը գիտնականներից է բաղկացած, և գենետիկորեն սեր ունեմ գիտության նկատմամբ: Բուհ ընդունվել և ավարտել եմ բարձր բալերով: Այն գիտելիքները, որ ես ունեի ու ցանկանում էի օգտագործել իմ երկրի համար, ուղղակի հօդս ցնդեցին: Ես շատ եմ ցավում, որ գիտության մարդիկ այսօր շատ վատ վիճակում են ապրում: Մենք ունեինք գիտնականներ, որոնք ունեին շատ մեծ գիտելիքի պաշար, բայց սովից մահացան: Այն ազգը, որի համար իր հարստությունը պետք է լինի իր մտավոր ուժը` դա չի օգտագործում, այսօր անտերության է մատնել:

Տեսանյութեր

Լրահոս