«Որ տուն չունեմ` անտեր շո՞ւն եմ, մի՞թե դա նախարարի պահվածք է»

Երեկ Գյումրի այցելած ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ հանդիպելու և իրենց  խնդիրները բարձրաձայնելու նպատակով, քաղաքաշինության տեսչության Շիրակի մարզային կառույցի դիմաց հավաքվել էին մի խումբ անօթևաններ:

Մոտ 4 ժամ սպասելուց հետո, նրանցից մի քանիսին է միայն հաջողվել զրուցել նախարարի հետ, սակայն ոմանց Սամվել Թադևոսյանն ու հանձնաժողովի անդամները շատ կոպիտ են պատասխանել` անգամ վիրավորական խոսքեր հասցեագրելով:

ԳԱԼԱ-ին ահազանգել է Գյումրու ավտոկայան տնակային թաղամասի բնակչուհի Թագուհի Հովհաննիսյանը: Նա ապրում է 104/008 տնակային հասցեում: Բնակչուհին կայքի լրագրողին պատմել է, որ երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, ընդգրկված է անօթևանների հերթացուցակում, սակայն բնակարան ստանալու հետ կապված ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և այդ հարցերը երեկ նա ցանկացել է բարձրաձայնել նախարարի մոտ:

«Ես մտա ներս, նախարարին պատմեցի խնդիրս ու նաև ասացի, որ 12 տարի շարունակ այս հարցով զբաղվում եմ ու օգուտ չկա: Նախարարը դարձավ հանձնաժողովի անդամներից մեկին, ով կին էր ու ասավ, թե ա՛ն տար սրան պահի, էն էլ, թե իյա՜, ես 12 հատ շուն ունիմ, պահող էղնիմ՝ շներիս կպահեմ: Փաստորեն, իրանք ինձ համեմատեցին շան հետ: Ես շատ վիրավորված եմ, լաց լինելով հեռացել եմ: Իրենք կոչված են զբաղվելու էդ լուրջ խնդրով, ախր անհնար է, քանիսի հետ էդպես կվարվին: Դա մի՞թե նախարարի պահվածք էր: Մինչև հիմա տեղս չեմ գտնում, եթե մարդ տուն չունի, ուրեմն անտե՞ր է, իրա հետ ինչպես ուզեն՝ կարող են վարվել հա՞»,- ԳԱԼԱ-ի լրագրողին պատմել է անօթևան Թագուհի Հովհաննիսյանը:

ԳԱԼԱ

Տեսանյութեր

Լրահոս