Հայաստանի հանքերի զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի
«Հայաստանի բնապահպանական միջավայրի համար լուրջ սպառնալիք են արդյունահանված հանքանյութի միլիոնավոր տոննա այն թափոնները, որոնք մեծ կուտակումներով հավաքվում են բնության այս կամ այն անկյունում` իսկական աղետ դառնալով համապատասխան թափոնավայրի` պոչամբարի ազդեցության ոլորտում հայտնված բնակավայրերի բնակչության, կենդանական ու բուսական աշխարհի, վերգետնյա և ստորգետնյա ջրային պաշարների համար»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին ասել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ըստ Հայաստանի կանաչների միության նախագահի՝ բնության դեմ կատարված այդ ոտնձգության դեմ պայքարը, առաջին հերթին, պետք է դառնա ՀՀ բնապահպանության նախարարության հոգածության առարկան: Նրա խոսքով` հսկայական մակերես զբաղեցնող պոչամբարների հատակի մեկուսացումը էլաստիկ նյութով պետք է լինի այն միջոցառումներից առաջինը, որը կարող է կանխել մարդու կողմից բնական միջավայրին հասցվող անուղղելի վնասը:
Անդրադառնալով հանքարդյունաբերողներին` Հակոբ Սանասարյանը նշել է, թե շահույթ ստանալուց բացի, «նրանք պետք է մտածեն նաև բնությանն իրենց կողմից պատճառած վնասը չեզոքացնելու մասին»:
Նրա փոխանցմամբ` կա փորձ, երբ պոչամբարները տակից և վրայից մեկուսացնում են համապատասխան էլաստիկ նյութերով, ապա` ծածկում հողի շերտով: Այսօր դա վնասակար ու վտանգավոր թափոն է, բայց ժամանակի ընթացքում գուցեև գտնվեն տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ հետագայում հնարավոր կլինի հանքային թափոնները վերամշակել և օգտագործել որպես շինանյութ:
Մյուս լուծման տարբերակը նա տեսնում է հանքարդյունաբերությունը զսպելու և Հայաստանի շահերին համապատասխանեցնելու մեջ: ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի օրինակը պետք է, որ զգոնացնի հանքարդյունաբերության չափորոշիչները սահմանողներին: Օվկիանոսից այն կողմ 19-20-րդ դարեում այդ բնապահպանական մեծ սխալները մարդը կատարեց պարզունակ տեխնոլոգիաներով ու գործիքներով: Իսկ այսօր այդ ամենը Հայաստանում կիրառվում է զարգացած տեխնոլոգիական միջոցներով և սարքավորումներով: Սա, ըստ նրա` բնապահպանական ռիսկայնությունը մի քանի անգամ ավելի է արագացնում:
«Որպես հրաբխային երկիր, Հայաստանում հանքերը բավականին բազմազան են, սակայն դրանց զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի»,- ասել է նա` հավելելով, թե այդ երևույթը ժողովրդին պարզապես զրկում է հայրենիքից: