
«Մենք որևէ մեկի վրա ոչինչ չենք բարդում, ու թող իրենց մտահոգությունները չբարդեն»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե` մտավախություն չունե՞ք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը հավանության արժանանալու դեպքում այն հիմք կհանդիսանա ՀՀԿ-ԲՀԿ նոր լարվածության, ասել է. «Եթե պարոն Օսկանյանն արդար է, ապա ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք տալիս ենք համաձայնություն, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի և հարցաքննվի: Եթե հարցաքննվի ու տեսնենք, որ որևէ խնդիր չկա, ապա… Ոչ մի նեղանալու բան չկա: Կարևորը, որ մենք որևէ մեկի վրա ոչինչ չենք բարդում: Ու թող իրենց մտահոգությունները չբարդեն»:
Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ «Բարգավաճ Հայաստանը» այդ միջնորդությունը որակում է որպես հետապնդում ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև կուսակցության նկատմամբ, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Ես չեմ գտնում, որ դա իրականությանը համապատասխանում է, և կյանքը ցույց կտա, որ մենք որևէ քաղաքական պատվեր, որևէ հետապնդում չենք իրականացնում: Ուղղակի դեպք է, կա իրավապահների անհանգստությունը, և եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, ապա այն մարդիկ, ովքեր նման քայլի են գնացել, կպատժվեն»: