Վազգեն Խաչիկյանին 240 միլիոն դրամ յուրացնելու և այլ մեղադրանքներ են առաջադրվել
Նոր մանրամասներ են պարզվել պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով քննվող քրեական գործի նախաքննությունից:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում ներկայումս ընդգրկված է 65 քննիչ:
2012 թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ հարցաքննվել է 7900 անձ:
Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնցից 12-ի վերաբերյալ երեք քրեական գործ ուղարկվել է դատարան և կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մեղադրյալներից 1-ը գտնվում է հետախուզման մեջ, 10-ի նկատմամբ որպես խափանաման միջոց կիրառվել է կալանավորում, 1-ը ձերբակալվել է, իսկ 18-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված 327.441.206 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 51.533.305 ՀՀ դրամը:
Դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված 14.556.174 դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 12.227.369 դրամը:
2012 թ. սեպտեմբերի 28-ին 42 մեղադրյալների, այդ թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նույն օրը Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Վիգեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարանի քննարկմանը:
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: