Վազգեն Խաչիկյանը` «քաղբանտարկյալ»

Միամտություն կլինի կարծել, որ սոցիալական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի ձերբակալության ու արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության համընկնումը պատահականություն էր: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, առավել ևս՝ Հայաստանի նման երկրում, ու առավել ևս՝ նախագահական ընտրություններից առաջ: Այդ երկու իրադարձությունների մեջ կա առնվազն մի քանի կապ, և գրեթե ակնհայտ է, որ դրանք «Ընտրություններ 2013 օպերացիային» մաս կազմող երկու օղակներ են:

Բնականաբար, Վազգեն Խաչիկյանին Վարդան Օսկանյանի միջնորդության հաջորդ իսկ օրը ձերբակալելով` իշխանությունն առաջին հերթին փորձել է իրեն ապահովագրել կատարվածը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելու մեղադրանքներից: Թեև ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը համարում է ոչ միայն նախկին արտգործնախարարի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում, սակայն ՀՀԿ-ականները՝ վկայակոչելով Խաչիկյանին, կարող են հակադարձել, թե դա շահարկում է, Հայաստանում արդարադատությունն այնքան հավասար է, որ ձերբակալում է անգամ իշխող կուսակցության անդամներին:

ՀՀԿ-ականները կարող են ասել, որ այդ տրամաբանությամբ Խաչիկյանի ձերբակալությունը ևս քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն Խաչիկյանի, այլ նաև Հանրապետական կուսակցության դեմ: Ի դեպ, այն մասին, որ իշխանությունը Խաչիկյանի ձերբակալությունը որպես հակափաստարկ օգտագործելու տարբերակն առնվազն չի բացառել, վկայում է նաև երեկ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը: Խաչիկյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը տարածվեց կեսօրին, դրանից հետո տեղի ունեցավ ԲՀԿ-ականների հավաքը, որից հետո էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Օսկանյանի գործի վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն երկուշաբթի օրը միայն:

Սակայն ընդամենը 2-3 ժամ անց ԲՀԿ-ն` դեռևս անհայտ պատճառներով, հանդես եկավ հայտարարությամբ, որով Օսկանյանի շուրջ կատարվող գործընթացը որակեց որպես քաղաքական հետապնդում: Եվ դրանից կարճ ժամանակ անց հրապարակվեց Վազգեն Խաչիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, այն դեպքում, երբ այն կարող էր կայացվել 72 ժամվա ընթացքում:

Այսինքն`մի քանի ժամերի ընթացքում ինչ-որ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք էլ իշխանությանը ստիպել են անմիջապես Խաչիկյանին կալանավորելու որոշում կայացնել:
Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, բացի նշվածից, մի քանի այլ դրդապատճառներ կարող է ունենալ: Սեպտեմբերի 15-ի հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով «ատկատների» մասին` ասաց, որ իր հանդիմանանքներին ի պատասխան՝ կառավարության անդամներն անընդհատ բերում են Խաչիկյանի օրինակը: Դա այդ խորհրդակցության ամենաքննարկվող հատվածներից էր, քանի որ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն, որ Խաչիկյանը հենց հակառակ երևույթի օրինակն է. նրա ղեկավարած կառույցում խոշորամասշտաբ չարաշահումներ էին հայտնաբերվել, սակայն նա ազատության մեջ էր ու խորովածի փառատոներ էր կազմակերպում:

Սակայն հազիվ թե Խաչիկյանի ձերբակալությունը պայմանավորված էր նրանով, որ Ս. Սարգսյանը լեզվի սայթաքում էր թույլ տվել, ու այդպիսով ուղղվեց նրա սխալը: Ավելի հավանական է, որ դրանով Ս. Սարգսյանը մյուսներին հասկացրեց, որ նախկինում «սառեցված» բոլոր գործերը կարող են թարմացվել:
Խաչիկյանի ձերբակալության մեջ նաև ԲՀԿ-ին ուղղված հերթական ակնարկ կա թաքնված:

Բանն այն է, որ Սոցիալական ապահովության հիմնադրամը գտնվում է ՀՀ Սոցապնախարարության կազմում, որն այդ տարիներին ղեկավարել է ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը: Պետք չէ բացառել, որ «քննությունը կարող է պարզել», որ նախկին նախարարն առնվազն տեղյակ է եղել Խաչիկյանի չարաշահումների մասին:

Այն, որ Վազգեն Խաչիկյանին ուշ թե շուտ ձերբակալելու էին, հայտնի էր նրա պաշտոնանկության առաջին իսկ օրվանից: Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ իշխանությունը նրա ղեկավարած կառույցում կատարված բացահայտումներն օգտագործելու է քարոզչական նպատակներով: Հայտնի չէր միայն` երբ: Ընդ որում, ըստ ամենայնի, Խաչիկյանն ինքն էլ իմացել է, որ իրեն ինչ-որ պահի ձերբակալելու են: Ավելին`հաշվի առնելով նրա նվիրվածությունը հարազատ կուսակցությանն ու նրա ղեկավարին, բացառված չէ անգամ, որ անձամբ առաջարկած լինի «նստել`հանուն պետության շահի»:

Սակայն ակնհայտ է, որ հատկապես երեկ Խաչիկյանին ձերբակալելու որոշումը կայացվել է անսպասելիորեն: Համենայնդեպս, նախօրեին Խաչիկյանը զբոսնելիս է եղել Երևանի կենտրոնում ու լրատվամիջոցներից մեկի թղթակցին ասել է, որ շատ բարձր տրամադրություն ունի:

Այդ իմաստով Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը ևս քաղաքական դրդապատճառներ ունի, առնվազն այնքանով, որքանով որ դա կարող է օգտագործվել ԲՀԿ-ի հետ հարաբերություններ պարզելիս: Այլապես, եթե նպատակն օրենքի ու արդարադատության վերականգնումը լիներ, Խաչիկյանը վաղուց պետք է ձերբակալված լիներ: Ի դեպ, այդ իմաստով իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները պոտենցիալ «քաղբանտարկյալներ» են: Գրեթե բոլորին տարիների ընթացքում իշխանությունը լուռ թողտվությամբ հնարավորություն է տվել զբաղվել «ատկատներով», «փողեր աշխատել», բնականաբար, խնամքով հավաքագրելով բոլոր տեղեկությունները, որոնք կարող են ցանկացած պահի դառնալ «գործի նյութեր»:

Ու նրանց մեծ մասի զբոսանքը իշխանության համար հարմար պահին Երևանի կենտրոնից կարող է տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

 

Տեսանյութեր

Լրահոս