Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր զինատեսակներ
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության 14.5 միլիմետր տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանը ու «Նինվե» տակտիկական ավտոմեքենան, որը կշռում է 2.5 տոննա: Այս մասին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Վերջինիս խոսքերով` այդ դիպուկահար հրացանն ու տակտիկական ավտոմեքենան համարվում են Իրանի պաշտպանական արդյունաբերության նվաճումները. «Յոթ մետրանոց «Նինվե» ավտոմեքենան ամբողջությամբ նախագծվել է իրանցի մասնագետների կողմից և հագեցած է 240 ձիաուժ հզորությամբ շարժիչով: «Նինվեն» ունակ է տեղափոխել մոտ հինգ տոննա բեռ և հիանալիորեն համապատասխանում է երկրի ռազմական կարիքներին:
Ինչ վերաբերում է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանին, ապա այն կշռում է մոտ 22 կիլոգրամ, երկարությունը 185 սանտիմետր է: Դիպուկահար հրացանի կրակոցի հեռահարությունը 4000 մետր է: Դիպուկահար հրացանի կրակոցն ունի մեծ ճշգրտություն և ունակ է խոցել հակառակորդի բունկերները, զրահատեխնիկան ու ուղղաթիռները»: