Ավտովթար և միջադեպ Արարատի մարզում. 1 զոհ և 2 վիրավոր կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ 24-ամյա Ոսկան Հակոբյանը, վարելով «ԳԱԶ 24» մակնիշի 61 ՕՏ 883 համարանիշի ավտոմեքենան, Նոր Կյանք-Տափերական գյուղի ճանապարհին բախվել է մարդատար «Գազել» մակինշի 23 06 Լ համարանիշի ավտմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հարվածի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրով անցնող գազի խողովակին և կիսակողաշրջվել: Վթարի հետևանքով տեղում մահացել է վարորդ, Վեդի քաղաքի բնակիչ, 59-ամյա Սերոժ Արթենյանը: Իսկ մարմնական վնասվածքներով Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ 24»-ի վարորդ Ո. Հակոբյանը և ուղևոր, Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, 53-ամյա Լուսիկ Հակոբյանը:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին հայտնել են, որ երբ իրենք և ոստիկանությունը փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել մահացածի դին, մի տղամարդ լկտի և անհարգալից պահվածք է ցուցաբերել բոլորի նկատմամբ և հայտնել, որ հաշվեհարդար է տեսնելու բոլորից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ անձը Ոստիկանության նախկին փոխգնդապետ, Ոստիկանության Վեդիի բաժնի պաշտպանության պետ Ռազմիկ Արթենյանն է, ով, ըստ գյուղացիների, իր վարած «Մերսեդես 600» մակնիշի ավտոմեքենան փորձել է քշել մարդկանց վրա:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորները մայր ու որդի են: