ՀՀ ոստիկանությունը նոր կայք ունի
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության նոր կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Բացելով շնորհանդեսը` ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կայքի գործարկումը հենց Տեղեկատվության ազատության միջազգային օրը խորհրդանշական է ու մեկ անգամ ևս հավաստում է ոստիկանության գործունեությունը հրապարակային ու թափանցիկ իրականացնելու հետևողականությունն ու հաստատակամությունը:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կայքը կոչված է հավաստի ու լիարժեք տեղեկատվության աղբյուր դառնալու լրատվամիջոցների համար, ինչպես և աջակցելու քաղաքացիներին` իրավական խնդիրների լուծման հարցում` ունենալով նաև կանխարգելիչ գործառույթ:
Նախորդ կայքը տեխնիկապես այդ հնարավորությունը չէր տալիս, և ահա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ու մրցույթում հաղթած «Ստուդիո ուան» կազմակերպության ջանքերով անցած երեք ամսում ստեղծվեց նոր կայք, որն իսկապես նոր է թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ:
Ուշագրավ է, մասնավորապես, որ Անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում և Ճանապարհային ոստիկանության քննասենյակներում տեղադրված տեսախցիկների միջոցով կայքի այցելուները կարող են առցանց հետևել գործընթացներին, «Թեժ գծով» իրենց բողոքները, դիտողություններն ու առաջարկներն ուղարկել ոստիկանություն, տեղեկանալ մարզային կառույցների համակարգին ու աշխատանքին, ձեռքի տակ ունենալ իրենց տեղամասյին տեսուչների տվյալները, լուսանկարները, հեռախոսահամարները և այլն:
Կայքի կառուցվածքն ու գործառույթները մանրամասն ներկայացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը:
Կայքի գործարկման առթիվ ներկաներին և բոլոր օգտատերերին շնորհավորեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի ոստիկանության հետ շուրջ մեկ տասնամյակ տևող համագործակցությունը արդեն իսկ հաջողություններ է արձանագրել մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում, իսկ դրա արդյունավետության լավագույն արտահայտություններից մեկը ոստիկանության նոր կայքն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ փոխգործակցության մասին` ընդգծեց, որ այն վերաճել է ամենօրյա աշխատանքային գործընկերության և ոստիկանության բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու գրավականներից է:
Ոստիկանության պետը կրկին կարևորեց ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ամրապնդման հարցում կառույցի բաց ու թափանցիկ գործելու անհրաժեշտությունը և նշեց, որ այդ գործում մեծ անելիք ունեն լրատվամիջոցները` ինչպես ձեռքբերումների անաչառ գնահատումով, այնպես էլ առարկայական ու անկողմնակալ քննադատությամբ: Այդպիսի համագործակցության միջոց է դառնալու, անկասկած, ոստիկանության նորացված կայքը, հավաստեց Վլադիմիր Գասպարյանը, որը ոստիկանության գործունեությանն անմիջաբար հաղորդակից լինելու արդյունավետ հնարավորություն է թե՛ լրատվամիջոցների, թե՛ ողջ հասարակության համար:
Շնորհանդեսի ավարտին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինին: