
Ճապոնիան պաշտոնապես բողոքել է վիճելի կղզիների շուրջ ամերիկյան թերթերի հրապարակումների կապակցությամբ

Ճապոնական կողմը պաշտոնապես բողոք է հայտնել` կապված ամերիկյան երկու թերթերի՝ The Washington Post-ի և The New York Times-ի հրապարակումների հետ: Նրանց էջերում տպագրված գովազդում վիճելի Սենկակու կղզիներն անվանվում են չինական տարածք: Այս մասին ուրբաթ հայտարարել է Վաշինգտոնում Ճապոնիայի դեսպան Իտիրո Ֆուձիսակին:
«Այդ գովազդը փաստացի սխալներ է պարունակում և ցույց է տալիս խնդրի նկատմամբ միակողմանի մոտեցում»,- ասել է ճապոնացի դիվանագետը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը: Ամերիկյան երկու խոշոր թերթերում տպագրված գովազդում պատկերված է Սենկակու կղզիների (չինարեն անվանումը՝ Դյաոյույդաո) լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Դյաոյույդաո կղզիները պատկանում են Չինաստանին»:
Ճապոնիան և Չինաստանն այս պահին չափազանց լարված հարաբերությունների մեջ են՝ կապված վերոհիշյալ կղզիների պատկանելության հետ: