Արցախի մանկապարտեզներում զանգվածային աղիքային ինֆեկցիայի հավանական պատճառը սնունդն է

Սեպտեմբերի 26-ի Ստեփանակերտի համար 1 եւ 3 մանկապարտեզներում բռնկված զանգվածային աղիքային հիվանդությունների վարակի հետեւանքով 55 երեխա հոսպիտալացվել է։

Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի՝ երեխաներից 32-ը գտնվում են Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում, իսկ շուրջ 20-ը՝ տեղ չլինելու պատճառով գտնվում են «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։

Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանի հավաստմամբ՝ հիվանդների մոտ բարդացում չկա։ «Բոլոր հիվանդները հսկողության տակ են գտնվում եւ արդեն նկատելի առաջընթաց կա»,- karabakh-open.info-ի հետ զրույցում նշեց Ս.Միքայելյանը։

«Արեւիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանի տեղեկացմամբ՝ հիվանդների թիվը երեկվանից չի ավելացել։ «Մեզ մոտ ներկա դրությամբ 24 երեխա է բուժում ստանում։ Իսկ այն երեխաներին, ովքեր հաճախում էին համար 1 եւ 3 մանկապարտեզները, բայց չեն վարակվել, այցելում ենք, տալիս համապատասխան խորհուրդներ, նշանակումներ եւ հետազոտության համար անհրաժեշտ ուղեգրեր»,- փաստում է Մ.Մարգարյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկվում է եւ խուճապի մատնվելու առիթ չկա։

Ամեն դեպքում, ելնելով ապահովությունից, Մ.Մարգարյանի խոսքով, «Արեւիկ» մանկական բուժմիավորումում այսօր հայտարարվել է կարանտին։

Համար 1 եւ 3 մանկապարտեզներում հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվել են հակահամաճարակային բոլոր միջոցառումները։ Ներկա դրությամբ ուսումնասիրվում են մասսայական աղիքային ինֆեկցիայի պատճառները եւ մոտ ժամանակներս լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները պարզ կլինեն։ «Ամենայն հավանականությամբ ինֆեկցիայի պատճառն ինչ-որ կոնկրետ մթերք է, քանի որ առաջին հիվանդների մոտ եւ մանկապարտեզների պատրաստած սննդի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել»,-ասաց Օֆելյա Հարությունյանը։

Նշենք, որ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն ուժեղացրել է հսկողությունը մայրաքաղաքի մնացած մանկապարտեզներում։

Մենք փորձեցինք կրթության եւ գիտության նախարարությունից պարզել, թե որ ընկերություններն են սննդով մատակարարում նշված մանկապարտեզները, սակայն նախադպրոցական եւ արտադպրոցական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Այվազյանը նշեց, որ մինչեւ վերջնական պարզ չլինեն անալիզների պատասխանները ոչինչ չեն կարող ասել եւ չեն ցանկանում մարդկանց հարվածի տակ դնել։

Տեսանյութեր

Լրահոս