«Կասկադի» մոտ 5 հարկանի շենքի վրա ավելացվող ևս մեկ հարկը օրինական շինարարությո՞ւն
«Կասկադ» համալիրին կից Թամանյան 3 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի վրա ավելացվող ևս մեկ հարկն օրինական շինարարություն է: Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քաղաքապետարանից նշեց, որ ամիսներ առաջ քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
«Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը, քանի որ տարիների ընթացքում այս հատվածի շենքերի վրա անկանոն շինություններ են կառուցվել: Այսօր աշխատանքներ են ընթանում ձախակողմյան հատվածի շենքի վրա: Առաջիկայում միևնույն նախագծային լուծումներով կիրականացվի աջակողմյան շենքի վերնամասը ևս՝ ապահովելով կառուցապատման սիմետրիկությունը»,- նշված է Քաղաքապետարանի գրավոր պատասխանում:
Քաղաքապետարանի նույն վարչությունից հավաստիացրին, որ շենքերի ամբողջ երկայնքով մանսարդների իրականացման ծրագիրը մշակման փուլում է և սահմանված կարգով այն կներկայացվի իրազեկման:
Քաղաքապետարանից խոստանում են, որ շենքերի ծավալատարածական համաչափությունները չեն խախտվի և ճարտարապետական առումով համահունչ կլինեն:
«Նախագծով նախատեսվում է նահանջող վերնակառույցի իրականացում՝ երեսապատված նույն քարից»,-նշված է գրավոր պատասխանի մեջ: