Դատարանն ազատ է արձակել ԱԺ ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանած ՀՀԿ-ական տնօրենին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 6-ին ընտրակաշառք բաժանած անձին:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ԳԱԼԱ հեռուստաընկերության «քթի տակ»` Շառլ Ազնավուրի հրապարակում, գյումրեցի Վազգեն Սարգսյանին պատկանող «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից կաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Գյումրու «Մհեր Մկրտչյան հուշատուն թանգարան»-ի 41-ամյա տնօրեն, ՀՀԿ-ական Շողիկ Մելքոնյանի նկատմամբ: Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նույն պահին նկարահանել ու ցուցադրել էր «Էս ինչ հաշիվ ա՜…» վերնագրով տեսանյութը, որտեղ հստակ երեւում էին քաղաքացիներին 5-հազարական դրամ բաժանելու կադրերը:

Տեսանյութի ցուցադրումից անմիջապես հետո Շիրակի մարզի քննչական բաժինը նյութեր էր նախապատրաստել ու իբրեւ թե հանցակազմի բացակայության պատճառով մերժել էր քրեական գործի հարուցումը:

Այնուհետ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով: Այն քննվել էր հատուկ քննչական ծառայությունում ու հայտնաբերվել, որ կաշառք բաժանողը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Մհեր Մկրտչյանի» անվան թանգարանի տնօրենն է:

Մեղադրական եզրակացության մեջ ընթերցում ենք. «Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում ավտոմեքենայում հինգ հազարական դրամ կաշառք է տվել Գյումրի քաղաքի 5 բնակիչների` նրանց հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, գտնելով, որ տիկինը նախկինում արատավորված չի եղել, նրան աշխատանքի վայրից դրական են բնութագրում, խնամքին կա երկու անձ եւ անկեղծորեն զղջում է իր արարքի համար, որոշեց նրան ազատազրկման դատապարտել 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով: Այսպիսով նրա նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը ` դատարանը հսկողության տակ վերցրեց այս տիկնոջ վարքը ու այդ հսկողությունը դրեց նրա` բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքի վրա:

Ի դեպ, դատավարությունը ամբաստանյալի միջնորդությամբ արագացված էր:

Տեսանյութեր

Լրահոս