Մեղսագրվող արարքները սխալ են որակվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր սկսվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքների քննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նրանք բողոքում են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կայացրած հուլիսի 20-ի դատավճռի դեմ և պահանջում կայացնել նոր դատական ակտ ՝ ճանաչելով ամբաստանյալերի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Տ.Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը գտնում է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները պետք է որակվեին որպես անհրաժեշտ ինքնպաշտպանություն՝ ոստիկանների գործողություններից:
Ըստ նրա, ոստիկանները Տ.Առաքելյանին ոստիկանության բաժին են տեղափոխել ծայրահեղ ծանր պայմաններում՝ ձեռքերը մեջքին ոլորած, գլուխը ներքև իջեցրած, և այդ դիրքից շտկվելով գլխի շեշտակի շարժումով չէր կարող ոստիկանին դիտավորությամբ վնասվածք պատճառել:
Ըստ պաշտպանի, ոստիկաններն ամբաստանյալներին բերման ենթարկելիս օրենքի խախտումներ են թույլ տվել՝ չեն բացատրել նրանց իրավունքները և չեն ասել, թե որտեղ են նրանց տանում: Իսկ ոստիկանության բաժնում իրարից չանջատվելու ամբաստանյալների գործողությունները պայմանավորված էին ոստիկանների «ագրեսիվ ու հանցավոր վարքագծով»: Բռնության է ենթարկվել նաև փաստաբան Վահե Պողոսյանը, ում ոստիկանները խոչընդոտել են մուտք գործել ոստիկանության բաժին՝ ապահովելու բերման ենթարկվածների պաշտպանության իրավունքը:
Պաշտպանի խոսքով` դատավճիռը հիմնված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա, նման միտումը մի շարք այլ գործերով արդեն իսկ միջազգային կառույցների կողմից քննադատության է ենթարկվել:
Վ.Գրիգորյանը և մյուս 3 ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշել են, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաշվի չեն առնվել մեղմացուցիչ հանգամանքները, խեղաթյուրվել են անձը բնութագրող տվյալները: Առկա է անհապատասխանություն մեղսագրվող արարքների ու նշանակված պատժաչափերի միջև:
Հոկտեմբերի 11-ի դատական նիստում վերաքննիչ բողոքների մասին իր դիրքորոշումը կհայտնի նաև մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ ընդհարման գործով. Տ.Առաքելյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնութուն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու ու խուլիգանության, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: Նրանք ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6-ից մինչև 2 տարվա ազատազրկման: