Եվրահանձնաժողովն Ադրբեջանին առաջարկել է մինչև 2015 թ. ավարտել միասնական օդային տիրութի շուրջ բանակցությունները
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 2015 թվականն ավարտել միասնական օդային տիրութի շուրջ բանակցությունները եվրոպական հարևանության այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Թունիսն ու Եգիպտոսը: Այս մասին, ըստ ադրբեջանական 1news.az գործակալության՝ նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Այդ նպատակով Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անդամ երկրների կողմից համապատասխան բանակցությունները սկսելու մանդատ է տրամադրում այն հարևան երկրներին, որոնց հետ դեռ չի մեկնարկել այդ բանակցային գործընթացը: Ադրբեջանի հետ բանակցությունների սկսումը պլանավորված է մոտ ապագայում:
Այդ բանակցությունների հաջող ավարտն ու դրան հաջորդող համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանին հնարավորություն կտան դառնալու ԵՄ-ի ընդհանուր օդային տիրույթի մասնիկը, ինչը դյուրացնում է փոխադրումների հետ կապված բազմաթիվ ընթացակարգեր: ԵՄ-ի ավիաընկերությունները կարող են ԵՄ-ի յուրաքանչյուր կետից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Ադրբեջան: Նույնը վերաբերում է ադրբեջանական ավիափոխադրողներին:
Բանակցությունների սկսման հնարավորությունը քննարկելու համար այս տարվա նոյեմբերին Բաքու է այցելելու Եվրահանձնաժողովի պատվիրակությունը, որը գլխավորելու է փոխնախագահ Սիիմ Կալասը: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է օդային փոխադրման համաձայնագրեր կնքել ԵՄ-ի առանցքային ավիացիոն գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հետ: