Կասկածող է փնտրվում

Գեղեցիկ  է, երբ գրավոր նամակագրություններն անպատասխան չեն մնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահին ուղարկած գրավոր նամակի պատասխանին:

«Ֆորմալ պատասխան ստանալը դրական է, բայց ոչ պակաս չափով ես կարևորել էի կոնկրետ գործողություններով պատասխանը, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջադրած բոլոր կետերի վերաբերյալ կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Եթե իշխանությունները, ՀՀԿ-ն ասում են, որ չեն ճանաչում բարձրացված խնդիրները կամ հայտարարում են, որ այդ խնդիրների մասին նամակով բարձրաձայնելը պարզապես քարոզչություն է, սա միայն մտահոգություն է առաջացնում. ստիպված ես մտածել, որ երկրի կառավարման, ընտրությունների առաջացման առումով՝ այն, ինչ ունենք, հայաստանյան իշխանության կարողությունների մաքսիմումն է»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում նամակում պատասխան ոճն այլ կլիներ ու հասկացնել կտար, որ իշխանությունը ճանաչում է նամակում արծարծված խնդիրները:

Հարցին, թե  իշխանությունը չի՞ ճանաչում «Ժառանգության» առաջնորդի ներկայացրած խնդիրները, Ս. Սաֆարյանը պատասխանեց.  «Պատասխանը պարունակում է նախորդ ընտրությունների, առաջընթացի մասին հատվածներ, ու մի կողմից՝ թվում է, թե անուղղակի ճանաչում են խնդիրներն ու անընդհատ բարելավում են ընտրական պրոցեսը, բայց մյուս կողմից՝ նամակում առկա տոնայնությունն ու որոշ իմաստով հանդիմանանքը, ստիպում են մտածել, որ խնդիրներն ամբողջությամբ չեն ճանաչվում»:

Ըստ Ս. Սաֆարյանի` Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակում նա հորդորում է ընտրություններից առաջ այդ ամենը չդարձնել ընտրական մթնոլորտը թունավորող երևույթ: Սակայն, Սաֆարյանի խոսքով` թե՛ «Ժառանգության» առաջնորդի, թե՛ կուսակցության ցանկություններն ընտրական մթնոլորտն անառողջ դարձնելու դաշտում չեն:

«Մենք ունենք կամք և հստակ նպատակադրում`գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու բոլոր նվաճումներն ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք»,- ասված էր Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակում:

Սաֆարյանից հետաքրքրվեցինք` կասկածո՞ւմ եք, որ ընտրությունների հարցում առաջխաղացում կլինի, ինչպես գրում է ԱԺ նախագահը: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն մտածում է, որ «ժառանգությունը» լրջորեն կասկածի տակ է դնում իրենց քաղաքական կամքը: Եթե նամակի մնացյալ հատվածում բաց տեսնեի Ր. Հովհաննիսյանի կողմից առաջադրած խնդիրների ճանաչումը, ո՛չ ես, ո՛չ ընթերցողները չէինք մտածի, որ գործ ունենք իշխանության հնարավորությունների սահմանի հետ: Այստեղ ոչ թե որևէ մեկի քաղաքական կամքը թերագնահատելու մասին է, այլ պարզապես ճանաչել տալու այն խնդիրները, որոնք կան ընտրական համակարգում, ու փորձելու՝ միասին լուծել դրանք»:

Ս. Սաֆարյանը նաև հավելեց, որ իրենք կասկածի տակ են դնում նախորդ ընտրությունների անցկացման որակը, որն, ըստ նրա`չի կարող բավարար համարվել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս