ՄԱԿ-ն ընդունել է մարդու իրավունքների մասին բանաձևի ռուսական տարբերակը
«Մարդկության ավանդական արժեքների առավել խոր ըմբռման շնորհիվ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին փաստաթուղթը, որն առաջարկել էր Ռուսաստանը, ընդունվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամների բացարձակ մեծամասնության կողմից, հաղորդում է rosbalt.ru-ն:
Փաստաթղթի համահեղինակներն են ավելի քան 60 երկրներ, նրանց թվում` Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի անդամները:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են,որ չնայած Ռուսաստանի երկխոսության և համագործակցության համար բաց դիրքորոշմանը` նախագծի դեմ քվեարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:
«Այդ երկրների բացասական դիրքորոշումը, տեքստի վրա աշխատելու հարցում նրանց բացասական վերաբերմունքը և նախագծի դեմ նրանց մտածած փաստարկներն ափսոսանք են հարուցում»,- հայտարարել են ռուս դիվանագետները:
ՌԴ-ն «ելնում է նրանից, որ մարդու իրավունքները պետք է միավորման գործիք ծառայեն, իսկ մարդու իրավունքների հարցերով խորհուրդը պարտավոր է կենտրոնանալ մարդու իրավունքների համընդհանուր լինելն ապահովելու համար կոնկրետ որոշումներ փնտրելու վրա»,- նշել է նախարարությունը: