
Ադրբեջանա-գերմանական խորհրդակցություններ Բաքվում՝ 2 երկրների ԱԳՆ-ների միջև

Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը, իսկ Գերմանիայի պատվիրակությունը`Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական հարցերով ԱԳՆ հատուկ պատվիրակ, դեսպան Անտիե Լենդերցեն:
Նշելով, որ Գերմանիան կարևոր ռազմավարական երկիր է Ադրբեջանի համար, Խալաֆ Խալաֆովն ընդգծել է, որ գոյություն ունեցող համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար կա: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը տարբեր պատճառներով ձգձգում է հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով: Փոխնախարարի խոսքերով` հակամարտութան խաղաղ լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի գրավված շրջանները:
Գերմանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ իր երկիրն Ադրբեջանին համարում է ռազմավարական դաշնակից և գլխավոր գործընկեր տարածաշրջանում: Նա ընդգծել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկական անվտանգությունում: