Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը դարձյալ լարված է
Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը դարձյալ լարվել է: Facebook-ի սիրիահայության խմբերում տեղեկություններ են տարածվել, որ իրավիճակը հատկապես լարված է Սուլեմանիե, Թելեֆոն Հաուայի և Նոր գյուղի մզկիթի մոտակայքում:
Խմբերում կոչեր են հնչում տներից դուրս չգալու և պատուհաններից հեռու մնալու մասին:
Հալեպում պարբերաբար ռումբերի ձայներ են լսվում: Փողոցները գրեթե ամայի են և փակ են բոլոր խանութները:
Ռուսական «Ինտերֆաքս»-ն էլ, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Հալեպը գրավելու ցանկության մասին:
«Հենց այս գիշեր կամ Հալեպը մերը կլինի կամ մենք կպարտվենք»,- հայտարարել է ընդդիմության հրամանատարներից Աբու Ֆուրաթը:
Ընդդիմության խոսքերով՝ հարձակմանը մի քանի հազար մարտիկ է մասնակցելու:
«Մենք վերահսկում ենք երկրի մեծ մասը: Շրջանների մեծ մասում կառավարական զորքերը գրեթե դուրս չեն գալիս զորամասերից և մենք հանգիստ տեղաշարժվում ենք ամենուր՝ բացի Դամասկոսից»,- հայտարարել է Սիրիայի ազատ բանակի գեներալ Ահմադ Աբդել Բահարը: