Մեկնարկում է «Կինոաշուն-2012» ծրագիրը
Վաղը մեկնարկում է «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանի 120-ամյակին: «Կինոաշուն-2012»-ը կմեկնարկի Արմավիրում՝ հայկական առաջին հնչյունային՝ «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:
Ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի համայնքներում, արվեստի բուհերում, սահմանամերձ բնակավայրերում և զորամասերում կցուցադրվեն հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր: Բացի այդ, մայրաքաղաքում ու մարզերում տեղի կունենան հանրահայտ կինոռեժիսորների և կինոգործիչների հոբելյանական երեկոներ, կկայանա Դմիտրի Քեոսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը:
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նախորդ տարվանից սկսած կինոտոնը մեկնարկում է մարզերից և եզրափակվում Երևանում: Մարզային կինոցուցադրումները կանցկացվեն միաժամանակ մի քանի մարզերում ՝ տարբեր աշխատանքային խմբերի միջոցով: Ծրագրի կազմակերպիչները, այս եղանակով, փորձում են մարզերում աշխուժացնել մշակութային կյանքը՝ մասնակից դարձնելով բնակչությանը մայրաքաղաքային միջոցառումներին. այս տարի Յուրի Երզնկյանի և Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանները կնշվեն մարզերում:
Այս տարի ևս կհայտարարվի ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ, որին կարող են մասնակցել և՛ ուսանողները, և՛ այն անձինք, որոնք հետաքրքրված են կինոյով: