Բագրատյանը կողմ կքվեարկի կառավարության անվստահությանը
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը դեմ քվեարկի կառավարության ներկայացրած 2011թ. բյուջեի կատարողականին` այդպիսով նպաստելով կառավարությանը անվստահություն հայտնելուն, ասաց.
«Այն, որ այս կառավարությունը տապալել է բյուջեի կատարումը, այն, որ կառավարության գործունեության արդյունքում մարդիկ միայն մեկ տարվա ընթացքում 1,8 տոկոսով ավելի վատ են ապրում, դա մենք ապացուցեցինք: Ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը, ոչ ԿԲ նախագահը չկարողացան որևէ բան հակադրել իմ կողմից ներկայացվող թվերին, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության իրական պատկերը: Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելուն, ապա ես կողմ կքվեարկեմ նման նախաձեռնությանը, սակայն ինքս նման հարց չեմ բարձրացնի` նկատի ունենալով իմ սահմանափակ հնարավորությունները»:
Պետք է նշել, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ արդեն խոսում են կառավարության կողմից ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, ի պատասխան Դատախազության կողմից ներկայացված միջնորդության, որով Դատախազությունն ԱԺ-ից թույլտվություն է խնդրում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: