Նիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի՞ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությանը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված` պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագրին կանդրադառնա Աժ քննարկումների ժամանակ:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին` անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործին, «Հայկական Ժամանակում» տպագրված իր` «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում գրել էր. «Մի քանի զրույցներում արդեն ասել եմ, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու:
Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած և այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: Չեմ կարող չօգտվել նմանօրինակ պատեհությունից:
Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը’ սարքովի է մեղադրանքը, թե ոչ’ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության և օրինականության դաշտում: Ես հրաժարվում եմ դա անել, որովհետև այն ժամանակ, երբ Սահմանադրությունն ունե´ր Օսկանյանի պաշտպանութան կարիքը, նա թքել է Սահմանադրության և ճշմարտության վրա, նա հրապարակայնորեն մահվան դատավճիռ է արձակել Համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, այդ դատավճիռն ի կատար է ածվել և ես նրան երբեք դա չեմ ների, ու չեմ ների նաև նրանց, ովքեր կներեն»:
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: