Անցած տարի Հայաստանի ԱԳՆ-ն ծախսել է 9 մլրդ 852 մլն դրամ
Անցած տարի արտաքին գործերի նախարարությունը ծախսել է 2011 թ. բյուջեով և պահուստային ֆոնդից հատկացված 9 մլրդ 952 մլն դրամի 99.02%-ը: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ դեսպանությունների պահպանման համար ծախսվել է 5.902 մլրդ դրամ, իսկ միջազգային 95 կազմակերպություններին ՀՀ անդամակցության համար հատկացվել է 1.28 մլրդ դրամ:
Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ միջազգային կառույցներ կա՞ն, որոնց ՀՀ-ն անդամավճար է պարտք, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ նախորդ տարիներից անդամակցության համար չկատարված վճարումների պարտքը 8 մլն դրամ է, որը նախորդ տարի 10 մլն էր և տարեցտարի նվազում է:
«Անցած տարին շատ ինտենսիվ էր և՛ փոխայցելությունների, և՛ պայմանագրերի ստորագրման տեսանկյունից»,- հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ դեսպանություններն ավելի ներկայացուցչական միջոցառումներ են կազմակերպել:
Փոխնախարարը կարևորեց 2011 թ. մարտի 5-ին Սոչիում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի հայտարարությունը, որում շեշտվում էր, որ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի, նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմը քննելու հանձնաժողով պետք է ստեղծվեր, Դովիլում մեծ ութնյակի ղեկավարների հայտարարությունը, Վիլնյուսում հնգակողմ՝ եռանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հայտարարությունը, որում կրկին շեշտվում էր խաղաղ կարգավորման մասին:
Ըստ Շ. Քոչարյանի՝ անցած տարի տեղի ունեցավ ՀՀ նախագահի առաջին պետական այցը ՌԴ և Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը` ՀՀ: Կնքվել են 120 պայմանագրեր, երկու նոր դեսպանատուն բացվեց Լիտվայում և Դանիայում, ԱԳՆ-ում տեղի է ունենում նաև կադրերի համալրում` դիվանագիտական դպրոցի միջոցով, որտեղ մրցույթը մեծ է: