«Միացեք քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բոլոր միջոցառումներին»

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00–ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ կմեկնարկի այս տարվա հուլիսի 20–ին Առաջին ատյանի դատարանի կողմից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների Վերաքննիչ ներկայացրած բողոքի քննությունը, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամները կազմակերպում են պիկետ` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության անթույլատրելիության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ որպես ընդդիմադիր երիտասարդներին ազատազրկման դատապարտելու հիմքեր հանդիսացել են ոչ բավարար, իշխանական վարկածին հարմարեցված, շինծու ապացույցները:

Մասնավորապես՝

  • Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, որոնք եւ սույն գործով ներգրավված են որպես տուժող և վկա:
  • Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ քաղաքացիական անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, իսկ նրանցից դատարան նարկայացած Հրանտ Միրիջանյանը դատարանի դահլիճում հայտնել է, որ իր նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ներգործություն է կատարել ցուցմունքներ կորզելու նպատակով:
  • Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:
  •  Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:
  •  Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
  •  Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:
  • Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
  • Դատավարության ընթացքում թույլ են տրվել դատական օրենսգրքի կոպտագույն խախտումներ: Մասնավորապես դատավորի թույլ չի տվել Սարգիս Գևորգյանին ընթերցել իր հայտարարությունը, ինչի արդյունքում բաց է թողնվել դատական ընթացակարգի ամբողջ մի փուլ: Այդպիսով խախտվել է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը:

Ելնելով վերոնշյալից, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամներս հայտարարում ենք, որ Առաջին ատյանի դատարանի հրապարակված դատավճիռը կրում է քաղաքական բնույթ, այն պատվիրված է հենց Բաղրամյան 26–ից՝ երիտասարդների նկատմամբ վրեժխնդրության և նրանց թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ակտիվությունը զսպելու նպատակով:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ այս դատավճիռը ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժերի, այլ ընդհանրապես ՀՀ՝ իրենց ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր երիտասարդների խնդիրն է: Ռեժիմը սրանով ձեռնոց է նետում բոլորիս և մենք արժանապատվորեն պետք է ընդունենք այս  մարտահրավերը: Անհնար է ապրել ու ստեղծագործել մի երկրում, որտեղ անարդարությունը չհանդուրժելու և ազատ խոսելու համար յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, կարող է հայտվել բանտում:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին՝ միանալ քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բոլոր միջոցառումներին` հետևողականորեն պայքարելով Հայաստանում օրինականությունը և Սահմանադրական կարգը վերականգնելու համար:

   «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս