Հունաստանում նոր և համընդհանուր գործադուլ է սպասվում

Հունաստանի մասնավոր և պետական սեկտորի խոշորագույն արհմիությունները՝ GSEE-ն և ADEDY-ը, պատրաստվում են 24-ժամյա գործադուլ անցկացնել, երբ խորհրդարանը քննարկի նոր տնտեսական միջոցառումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Չորեքշաբթի Հունաստանում հայտարարվել էր համընդհանուր գործադուլ, Աթենքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որը արհմիությունները գնահատում են հաջողված: Նրանց տվյալներով՝ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել 100 հազար ցուցարարներ, սակայն ոստիկանության տվյալներով՝ նրանց թիվը եղել է 30 հազար: Եվս 15 հազար մարդ մասնակցել է կոմունիստական արհմիությունների ցույցին, այնպես որ, Աթենքում տեղի է ունեցել միանգամից մի քանի ցույց: Հիմնականում դրանք անցել են խաղաղ, այնուամենայնիվ, գրանցվել են դեպքեր, երբ ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ: Մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, նրանցից շուրջ 20-ը կկալանավորվեն: Վիրավորվել է 4 կամ 5 ոստիկան:

Մասնավոր սեկտորի GSEE արհմիությունից հայտնել են, որ չորեքշաբթի իրենց աշխատանքները դադարեցրել են տնտեսության ոլորտի աշխատակիցները:

Այսօր արդեն 48-ժամյա գործադուլ են սկսում երկրի ֆինանսների նախարարության բոլոր բաժինների և դեպարտամենտների աշխատակիցները՝ բողոքելով իրենց աշխատավարձերի սպասվող կրճատումների դեմ: Նշենք, որ հենց ֆինանսների նախարարությունն էլ զբաղվում է բյուջետային տնտեսման միջոցառումների մշակմամբ: Նախարարության աշխատակիցները պատրաստվում են ակցիա անցկացնել Աթենքի փողոցներում:

Այս պահին պետական ծառայողների աշխատավարձերի կրճատման դեմ պիկետներ են անցկացնում կառավարության մեջ մտնող երեք կուսակցությունների գրասենյակների դիմաց:

Երեկ երկրի կառավարությունը հայտնել է, որ համաձայնության է եկել 12 մլրդ եվրոյով պետական ծախսերի կրճատման հարցում, սակայն կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների առաջնորդները հայտարարում են, որ քննարկումները շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս