Ուրիխանյանը ողջունում է վարչապետի հանձնարարությունը
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը ակնհայտորեն՝ անմիջականորեն առնչվում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` վարչապետին ուղղված հայտնի մեղադրանքներին:
«Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևիցե առնչություն ես բացարձակապես չունեմ`ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետևում ինձ հետ կապված չկան»,- այսօր ասել է Տ. Սարգսյանը:
Արդյո՞ք Տ. Ուրիխանյանը բավարարված է վարչապետի պարզաբանումներով:
168. am-ի այս հարցին ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց: «Նախ զարմանում եմ, որ վարչապետին այդքան մեծ ժամանակ պետք եղավ համապատասխան պարզաբանումներ ստանալու համար: Ես ողջունում եմ նրա հանձնարարությունը՝ անաչառ հետաքննություն սկսել այդ ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք այդ հետաքննության արդյունքներին, հույս ունենալով, որ դրանք կվերաբերեն ոչ միայն ներկայումս գոմեշի միս ներմուծող ընկերություններին, այլ նաև այն ընկերություններին, որ դրանով զբաղվել են անցյալում: Եթե այդ հետաքննության արդյունքները մեզ չբավարարեն, և մենք կասկածներ ունենանք դրանց անաչառության վերաբերյալ, ապա հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ»: