Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ. Տիգրան Սարգսյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը վրդովված նշել է, որ հայտնի քաղաքական ուժերն իրեն զրպարտում են, քաղաքական սպեկուլյացիաներ են անում` իր անունը կապելով Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծում կատարող ընկերությունների հետ: Նա սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին խնդրել է ներկայացնել, թե որ ընկերություններն են գոմեշի միս ներմուծում: Ի պատասխան Աբրահամ Բախչագուլյանը մի շարք ընկերությունների անուններ է թվարկել, այդ թվում` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի, որոնք 2011-2012 թվականներին իրականացրել են Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծում:
Բախչագուլյանի տեղեկացմամբ` 2011 թվականին Հնդկաստանից Հայաստան ներմուծվել է 10 324 տոննա 930 գոմեշի բրիկետ, իսկ այս տարվա ինն ամսիներին` 5 284 տոննա 651 կգ: Նա նշեց, որ ներմուծմամբ զբաղվում են փորձառու ընկերությունները, որոնք դաշտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունեն:
«Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով իմ անունը Հնդկաստանից մսի ներմուծում կատարող ընկերությունների հետ: Թվարկած ընկերություններից որևէ մեկի հետ ես առնչություն չունեմ: Ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, ինձ հետ կապված թաքնված անձինք այս ընկերութունների հետևում չկան»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: