Իրանի քաղաքական շաբաթը. ներքին ու արտաքին սպառնալիքները դիմագրավելու պահը

Իրանի ներքաղաքական խմորումների կիզակետում հայտնված հիմնահարցը՝ տնտեսական ոլորտում անկայունությունները, որոնք արտահայտվում են սրընթաց գնաճով, ազգային դրամի կտրուկ արժեզրկմամբ (ԱՄՆ 1 դոլարը՝ ավելի քան 25000 ռ.), ոսկու և տարադրամի անհարկի թանկացմամբ ու շուկայական գրեթե անվերահսկելի իրավիճակով, մտահոգության տեղիք է տվել նաև կրոնապետերին, որոնց կենտրոն Ղոմ քաղաք էր մեկնել Իսլ. խորհրդարանի հոգևորականության ֆրակցիոն խումբը: Հանդիպումների ընթացքում ուշագրավ էին հայտնի կրոնապետ այաթ. Մաքարեմ Շիրազիի հորդորները, որոնք խստորեն ուղղված էին գործադիրի տնտեսական քաղաքականության դեմ. «Տնտեսական խնդիրները, թանկությունները օրեօր ավելիով են ճնշում ժողովրդին, որն էլ պետք է շուտափույթ փարատել: Սա այն խնդիրը չէ, որ գործադիրը միայնակ վերահսկի այդ և ես իրազեկ եմ նույնիսկ, որ որոշ պարագաներում նույնինքն նախագահն է միայնակ վճռահատում հարցեր, որոնք համախումբ ու համակարգված աշխատանքով է, որ պետք է լուծվեն…»,- ընդգծել է այաթ. Մաքարեմ Շիրազին: Իսկ այաթ. Նուրի Համադանին թանկությունների և տնտեսական դժվարությունների պատճառը համարել է թոյլ տնօրինումն ու կառավարման եղանակը: Մյուս կողմից հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործադիրի տնտեսական քաղաքականության նկատմամբ մշտապես քննադատաբար է վերաբերվել օրենսդիրը և հէնց օրերս էլ խոսնակ Լարիջանին կրկին անգամ թիրախ էր դարձրել գործադիրի սխալ ու ոչ-մասնագիտական որոշումները, սպասելի է, որ գործադիր-օրենսդիր «առճակատումը» աշնանային թեժ նիստերի տեղիք տա խորհրդարանի դահլիճում, յատկապես որ դրա այսպես ասած՝ օրհնանքն է ստացել Ղոմի կրոնապետերից…

Շաբաթվա ներքաղաքական ուշագրավ իրադարձությունը, անկասկած, հանդիսացավ հանրահայտ հոգևորական, Իսլ. հեղափոխության անցնող ավելի քան 30-ամյա կյանքում իր ազդեցիկ դրոշմը թողած և բազմաթիվ պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած (հանր. նախագահ, խորհրդարանի խոսնակ, հոգևոր առաջնորդի «Բանիմացների խորհրդի» նախագահ, իսկ այժմ էլ՝ «Համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողովի» նախագահ) այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի դստեր՝ Ֆաեզէ Հաշեմիի և որդու՝ Մեհդի Հաշեմիի ձերբակալումն ու բանտարկության դատապարտելն էր: Ֆաեզէի դեպքում մեղադրանքը՝ համակարգի դեմ քարոզչության համար 6-ամսյա բանտարկություն է սահմանվել, իսկ Մեհդի Հաշեմիի նկատմամբ բացի քաղաքական ամբաստանությունից (2009-ի նախագահական ընտրությունների հետ կապված) մեղադրանքներ են առաջադրւել նյութական զեղծարարությանց հանգամանքների կապւած: Այսպես թէ այնպես՝ նախագահ Ահմադինեջադ-Ռաֆսանջանի հակամարտությունը, որն արդեն 7-ամյա պատմություն ունի և գագաթնակետին հասավ 2009-ի ընտրությունների ժամանակ (ի դեպ, 2005-ի նախագահական ընտրություններում Ահմադինեջադին մրցակից թեկնածու էր նույնինքն Ռաֆսանջանին, որը, սակայն, պարտվեց), երբ նախընտրական-քարոզչական հայտարարություններում Ահմադինեջադը քաղաքական և տնտեսական թեմաներով լեցուն ամբաստանություններ էր ուղղում Ռաֆսանջանի գերդաստանի նկատմամբ: Ահա, թվում է, որ դրանք մեկ առ մեկ կենսագործվում են և, անշուշտ, իրավա-քաղաքական ու հասարակական հնչեղություն ստանում նաև ու մանավանդ արտաքին աշխարհում, որոնք քարոզչական ու մամլո շրջանակներով փորձում են դրանք նախընտրական իրադարձություն համարել 2013-ի գարնան նախագահական ընտրություններից առաջ:

Եվ, անշուշտ, թե վերոնշյալ տնտեսական ձախորդ պայմանների օրեօր վատթարացումը և ինչու ոչ նաև Ռաֆսանջանի ընտանիքի այսպես ասած՝ «նսեմացման» կուրսը իրենց համարժեք արձագանգներն ու անդրադարձումն են ունենալու գալիք նախագահականում՝ ճշտորոշելու թեկնածուների քաղաքական կուրսի հաջողության մակարդակը:

Գալով իրանական արտաքին քաղաքական կյանքի իրավիճակին՝ պետք է ասել, որ իրադարձություններով հագեցած գործընթացով էր նշանավորվում անցնող շաբաթը:

Շաբաթն սկսվեց միանգամայն իրանական ռազմական-զինվորական կորպուսի և գերատեսչությունների ու համապատասխան հրամանատարական կազմերի կտրուկ հայտարարություններով, որոնք հիմնականում պատասխան-պատգամներ էին Արևմուտքի և մասնավորապես սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ամենօրյա զինվորական սպառնալիքներին՝ ուղղված Իրանի միջուկային կենտրոններին:

Միջուկային թղթածրարը, ինչ խոսք, որպես պատրվակ՝ միշտ էլ (արդեն 10 տարի) ճնշամիջոցի դեր է կատարել Արևմուտքի- ԱՄՆ-ի ձեռքում, սակայն վերջին շրջանում դրան գումարվել է Միջին ու Մերձավոր Արևելքի «Պաղեստինյան թղթածրարը» և դրանում Իրանի անդրդվելի կեցւածքը: Սա ևս թուլացնելու և Իրանին զիջումներ պարտադրելու գործընթաց է ենթադրում նոյն գերտերությունների կողմից, հատկապես նրա դերը տարածաշրջանում «վարկաբեկելու» մտոք և միաժամանակ օգտագործվում են թե՛ սիրիական, և թե՛ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման դեմ իսրայելամետ գործարքները, որոնք Արևմուտքի հետ համընթաց՝ հստակ թիրախ-խոչընդոտ են համարում Իրան-Սիրիա-«Հեզբոլլահ»-ին՝ միջինարևելյան իրենց քաղաքական-ռազմավարական նկրտումների դեմ:

Անկախ այս ամենից՝ ռազմա-քաղաքական սպառնալիքներ, արտաքին տնտեսական շրջափակումներ և ատոմական թղթածրար… Իրանը որպես պետական ուրույն և կայացած մի երկիր, որն իր ծանրակշիռ ու հաշվառելի դերակատարությունն ունի մանավանդ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական գործընթացներում, օժտված է և ի զորու՝ շրջանցել ու խելամտորեն դիմագրավել, ինչպես ներքին, այնպես էլ և մանավանդ՝ արտաքին մարտահրավերները:

 

 

Դերենիկ Մելիքյան

Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս