Բաժիններ՝

2500 դրամի էֆեկտը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Ներկայիս 32.5 հազար դրամի փոխարեն այն 2013թ. հունվարի 1-ից կկազմի 35 հազար դրամ։

Ինչպես նշվում է պաշտոնական հիմնավորման մեջ, ՀՀ Կառավարության 2012թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրով նպատակադրված է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում հաշվետու ժամանակաշրջանում:

Փաստորեն, կառավարությունը նպատակ ունի մինչև 2017 թվականը կրկնապատկել նվազագույն աշխատավարձը՝ այն հասցնելով 65 հազար դրամի։ Սակայն նման տեմպերով բարձրացնելու դեպքում դա այնքան էլ իրատեսական չի թվում։ Այսպես, նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2500 դրամով կամ 7.6%-ով։ Եթե հաջորդ տարիներին շարունակաբար այն բարձրացվի 7.6 տոկոսով, ապա կկրկնապատկվի (կդառնա 65 հազար դրամ) ոչ թե 2017 թվականին, այլ 2022 թվականին։ Իսկ եթե կառավարությունը ցանկանում է մինչև 2017թ. կրկնապատկել այդ ցուցանիշը, ապա արդեն իսկ 2013թ.-ից պետք է բարձրացներ այն յուրաքանչյուր տարի 15%-ով։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր այդ հարցը լուծել միանգամից՝ նվազագույն աշխատավարձը հասցնել 72500-ի։ Սակայն կառավարությունը մերժեց այդ առաջարկը՝ այն պատճառաբանությամբ, որ բյուջեից կպահանջվի լրացուցիչ 360 միլիարդ դրամ։ Իսկ որքա՞ն է կազմելու բյուջեի լրացուցիչ բեռը 35000-ի դեպքում։

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկանքի համաձայն, «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ` նվազագույն աշխատավարձը 35000 դրամ սահմանելու դեպքում, 2013 թվականի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսը կկազմի 941 մլն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեի վրա այս փոփոխությունն այնքան էլ թանկ չի նստում։

Ի դեպ, այս թվերից ևս մի հետաքրքիր եզրակացություն կարելի է անել։ 941 միլիոնի լրացուցիչ ծախսը նշանակում է, որ այս պահին պետական համակարգում կան աշխատողներ, որոնց աշխատավարձը ամսական 35 հազար դրամից ցածր է։ Իսկ դա շատ զարմանալի ցուցանիշ է։ 35 հազար դրամ վճարելով՝ չի կարելի սպասել, որ մարդը նորմալ կաշխատի։ Եթե մեր ենթադրությունը սխալ է, և այդպիսի ցածր աշխատավարձ չկա, ապա հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ հաշվին է գոյանում 941 միլիոնի ծախսը։

Եվ վերջապես, ևս մի կարևոր հանգամանք։ Կառավարությունը նշել է բյուջեի լրացուցիչ ծախսերի մասին, սակայն լրացուցիչ եկամուտների մասին «մոռացել» է։ Նվազագույն աշխատավարձի՝ ամսական 2500 դրամի չափով աննշան թվացող բարձրացումը կարող է էապես ավելացնել բյուջեի մուտքերը։ Բանն այն է, որ Հայաստանում այսօր գրանցված են ավելի քան 80 հազար անհատ ձեռնարկատերեր, որոնք իրենց աշխատավարձը ֆիքսել են հենց թույլատրելի նվազագույն մակարդակում։ Կան նաև ավելի քան 40 հազար ՍՊԸ-ներ, որտեղ նույնպես մեծ թվով աշխատակիցների համար ցույց է տրվում նվազագույն աշխատավարձ։ Ամսական 2500 դրամով ավելացումը տարվա կտրվածքով հանգեցնելու է վճարվող զգալի հարկերի ավելացման։ Այսինքն՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացման ծախսը փոխհատուցվելու է մասնավոր հատվածից ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտներով։

Ի դեպ, հիշեցնենք, որ Բագրատյանն իր առաջարկի մերժման պատճառաբանումն անհիմն էր համարել՝ նշելով, որ բյուջեի ստացած օգուտն ավելի մեծ է լինելու։ Ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական եզրակացության մեջ նույնպես ընդունել էր, որ բյուջեի եկամուտները զգալի չափով կավելանան, սակայն կոնկրետ գնահատական չէր նշել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս