Դմիտրի Աթբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի մասնակի
«Մի քանի օրից Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի մասնակի շահագործման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել, Դ. Աթբաշյանը պատասխանեց. «Օդանավակայանը պաշտոնական սերտիֆիկատ կստանա, ոը թույլ կտա օդանավակայանին՝ ընդունել և ճանապարհել օդանավեր: Օդանավակայանին անհրաժեշտ սարքավորումների մոտ 90%-ը ձեռք է բերվել, սակայն որոշ սարքավորումներ դեռևս բացակայում են: Չկարողացանք ձեռք բերել, սակայն եղածով կապահովենք օդանավակայանը: Օրինակ, օդանավակայանում բացակայում են օդանավակայանի կանգառների մոտ հատուկ գիշերային լուսավորության սարքավորումները, այդ է պատճառը, որ գիշերային ժամերին օդանավակայանը չի աշխատի: Մինչև ամբողջությամբ սարքավորումներով հագեցնելը, օդանավակայանը կշահագործվի մասնակի»:
168.am-ի այն հարցին, թե արդո՞ք տեղի կունենա պաշտոնական բացման արարողություն, Դ.Աթբաշյանը պատասխանեց. «Դա ինձ վերաբերող հարց չէ: Ես այդ մասին տեղեկություն չունեմ»:
Հիշեցնենք, որ 2011 թվականից պարբերաբար տեղեկություններ են տարածվում ԼՂՀ օդանավակայանի՝ շահագործման հանձնվելու վերաբերյալ, սակայն, ինչ-ինչ պատճառներով, բացման արարողությունը հետաձգվում է: