Պարոն նախագահ, «Դերոն» պատժել է, բայց փողը չի տվել

Հայտնի խորհրդակցությունից հետո հաշմանդամ աղջկա ողբերգությունը շոու սարքեցին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացած հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահի կոշտ նկատողություններն` ուղղված «Դերոյին», անհետևանք չեն մնացել:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավանաբար շատ ծանր է տարել Սերժ Սարգսյանի դիտողությունները և որոշել է ինչ-որ բան անել` նախագահին ապացուցելու համար, որ ինքը «ապաշխարել» է:

Սեպտեմբերի 11-ին մեր թերթի խմբագրություն էր դիմել 2-րդ կարգի հաշմանդամ Մարիամ Փափազյանը` ահազանգելով, որ «Արմենիա» բուժկենտրոնից իրեն ճանապարհել են տուն` տեղեկացնելով, որ այդ հաստատությունում այլևս պետպատվերով բուժսպասարկում չեն իրականացնելու:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Մ. Փափազյանի մի ոտքն անդամահատված է, և չի բացառվում, որ մյուս ոտքն էլ հեռացնեն: Վերջինս ոչ միայն նպաստառու, հաշմանդամ է, այլև բոլոր իրավունքներն ունի պետպատվերով բուժօգնություն ստանալու համար: Մ. Փափազյանն այցելել էր «Արմենիա» բուժկենտրոն պետպատվերի ուղեգրով, սակայն Անոթային բաժնից նրան տեղեկացրել էին, որ հիվանդանոցն այլևս պետպատվերով բուժում չի իրականացնում:

Նույն օրը մենք զանգահարել էինք «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժանմունքի վարիչ Զ. Պետրոսյանին, ով հաստատելով Մ. Փափազյանի դժգոհությունը` բավականին սենսացիոն հայտարարություն արեց. «Առավոտյան մեզ ընդունարանից նման հրահանգ են իջեցրել, այլևս պետպատվերով հիվանդ չենք սպասարկելու: Դուք գիտեք չէ՞, որ մենք մասնավոր հաստատություն ենք: Մեր գլխավորը նման հրահանգ է իջեցրել, որովհետև հիվանդանոցի պետպատվերի լիմիտը լրացել է, մենք դեռ մի բան էլ ավելի ենք սպասարկել: Պետությունը դեռ մի բան էլ` մոտ 70 միլիոնի պարտք ունի: Երբ որ պետությունն իր պարտքը կմարի` մենք նորից սոցիալական խմբերին կբուժենք: Հիվանդանոցը մասնավոր է, և չի կարող իր հաշվին սպասարկել նման խմբերի:Հիվանդանոցի գլխավորն ասել է` չընդունեք պետպատվերով հիվանդներին, բացի անհետաձգելի դեպքերից»:

Բավականին հետաքրքիր է այն փաստը, որ նախարարի մամլո խոսնակը սկզբում հերքեց այն լուրը, որ պետությունն «Արմենիա» բուժկենտրոնին 70 միլիոն դրամ պարտք է, սակայն, քանի որ մենք ունեինք Անոթային բաժնի վարիչի հետ հարցազրույցի ձայնագրությունն, ավելի ուշ հաստատեց, որ, այնուամենայնիվ, այդ տեղեկությունը ճիշտ է: Ինչևէ, Մ. Փափազյանի մասին հրապարակումներ տպագրել ենք օգոստոս ամսին և սեպտեմբերի 11-ին: Առողջապահության նախարարությունն այդ ընթացքում ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել, չեն փորձել նույնիսկ հետաքրքրվել հիվանդ աղջկա մատնանշած փաստերով:

Սեպտեմբերի 17-ի Կառավարության խորհրդակցությունը, որտեղ Ս. Սարգսյանը նախարար Դերենիկ Դումանյանին «Դերո» անվանելով` կոշտ գնահատականներ է ուղղում, հեռարձակվեց նաև հեռուստաալիքներով: Շատ հետաքրքիր է, որ այդ դեպքից հետո մեզ չէին դադարում զանգահարել հեռուստաալիքների լրատվական բաժիններից, ովքեր խնդրում էին Մ. Փափազյանի տվյալները տրամադրել:

Մի քանի օր մեր հեռուստաեթերի գլխավոր հերոսը հաշմանդամ Մարիամ Փափազյանն էր, ում անօրինական կարգով բուժօգնություն չէին ցուցաբերել, սակայն այդ մասին հեռուստաալիքները միայն «խոսում» են Սերժ Սարգսյանի` Առողջապահության նախարարին «նախատելուց» հետո: Նաև շատ զավեշտալի է, որ «168 Ժամ» թերթի գրեթե ամեն համարում հրապարակվող նմանատիպ ապօրինությունները, համենայնդեպս, ԱՆ նոր նախարար Դերենիկ Դումանյանի կողմից մատնվել են անուշադրության: Ինչևէ, Կառավարության խորհրդակցությունից հետո Դերենիկ Դումանյանը` որպես նախագահի մատնանշած մեղադրանքների հակափաստարկ, փորձեց պատժել մի մարդու, ով որևէ կապ չունի այդ գերատեսչության վատ աշխատանքի հետ: Նաև նշենք, որ խորհրդակցության հաջորդ օրը մեզ զանգահարեց նախարարության վարչության պետերից մեկը, խնդրեց Մ. Փափազյանի տվյալները և հայտարարեց, թե անմիջապես կազմակերպում են Մ. Փափազյանի բուժումը մեկ այլ հիվանդանոցում:

Այնուհետև նախարարության կայքէջում հայտնվեց մի տեղեկատվություն, համաձայն որի` Դ. Դումանյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժնի վարիչ Զ. Պետրոսյանը: Այսինքն` մի մարդ, ով ազնվորեն ներկայացրել էր պետպատվերով բուժում չիրականացնելու հիմնավորումը և հանդգնել էր հրապարակային ասել, որ պետությունը բուժկենտրոնին 70 մլն դրամ է պարտք: Այլ կերպ ասած` Դերենիկ Դումանյանն այս պատմությունը շահարկելով` փորձեց ի լուր աշխարհի, մասնավորապես` ՀՀ նախագահի, ցույց տալ, թե առողջապահական ոլորտն «ինքնամաքրում է»: Ընդ որում, դա արեց` «զոհաբերելով» բարձրակարգ մասնագետի, ով մեղավոր չէ, որ նախագահն իրեն «Դերո» է ասել: Առողջապահության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ` նախագահի վերաբերմունքից Դ. Դումանյանն այնքան է ազդվել, որ իր զայրույթը թոթափել է Զ. Պետրոսյանին պատժելու միջոցով:

Ներկայացնում ենք Կառավարության հայտնի խորհրդակցությունից մի քանի օր անց Առողջապահության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվությունը, որը լուսաբանվել է նաև ԶԼՄ-ներով:

«Աշխատանքից ազատվել է` էթիկայի կանոնները խախտելու համար: «Արմենիա» բուժկենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Պատճառը` հաշմանդամ Մարիամ Փափազյանի նկատմամբ կենտրոնում ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելն է: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Զ. Պետրոսյանը խախտել է ոչ միայն էթիկայի կանոնները, այլև ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման» որոշումը, ինչպես նաև Առողջապահության նախարարության և բուժհիմնարկի միջև կնքված` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի պահանջները: Մ. Փափազյանի հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում»:

Հ.Գ. Մեր տեղեկություններով` «Արմենիա» բուժկենտրոնի ղեկավարությունն Առողջապահության նախարարությանը մինչև նոյեմբերի 10-ը ժամանակ է տվել 70 մլն դրամ պարտքը մարելու համար: Չմարելու դեպքում այդ հաստատությունն այլևս պետության պատվերը չի կատարելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս