Բաժիններ՝

«Պիրատությունը» վնասակար է ոչ միայն գրպանի, այլև առողջության համար

Եթե հավատանք պատկան մարմինների հայտարարություններին, ապա հեղինակային իրավունքի պաշտպանության և կեղծ արտադրանքի դեմ պայքարի առումով վերջին տարիներին զգալի տեղաշարժեր կան։

Սակայն առօրյա կյանքում այդ տեղաշարժերը չեն երևում։ Օրինակ, գետնանցումներում շարունակում են վաճառվել անորակ ձայնասկավառակներ, իսկ վաճառողներն իրենք էլ չեն թաքցնում, որ դրանք «օրիգինալը» չեն։

Ոչ արտոնագրված սկավառակները շատ հաճախ ձայնագրվում են հենց վաճառակետում, սովորական համակարգչի օգնությամբ, և վաճառվում օրիգինալից մի քանի անգամ մատչելի գնով` 700-1000 դրամով: Դրանց հեղինակները` «պիրատները», իրենց արարքն արդարացնում են նրանով, որ արտադրանքի ոչ օրիգինալ տարբերակն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացու գրպանին, իսկ սկավառակի հեղինակի իրավունքներն իրենց քիչ են հուզում: Հետաքրքիրն այն է, որ վաճառակետերի աշխատողներն ընդունում են, որ իրենք խախտում են ստեղծագործողների և կատարողների իրավունքները, բայց ասում են՝ ոչինչ չենք կարող անել, դա էլ մեր գործն է:

«Պիրատական» ձայնասկավառակների խնդրի վերաբերյալ մենք զրուցեցինք «ArmenianMusic Centre» ընկերության ղեկավար Սամվել Ամիրաղյանի հետ, ով զբաղվելով ձայնասկավառակների թողարկմամբ՝ երկար տարիներ ակտիվորեն պայքարում է «պիրատական» անօրինությունների դեմ։

Կարդացեք նաև

«Այդ ոլորտը վաղուց դուրս է եկել կառավարումից, այսօր արդեն «պիրատներն» են իրարից բողոքում ավելի հաճախ, քան մենք` «պիրատներից»: Մեր ընկերությունը աշխատում էր աշխարհի ավելի քան 40 երկրների հետ և թողարկում էր բացառապես որակյալ և բարձրակարգ ձայնագրություններ։ Այսքան տարիների ընթացքում և ոչ մի սպառող չի բողոքել մեր ձայնասկավառակների համար։ Բայց այն, որ պիրատները զբաղվում են նման գործունեությամբ, փաստում է այն մասին, որ մեր երկրում այս ոլորտը գտնվում է անպաշտպան վիճակում»,- ասաց Սամվել Ամիրաղյանը:

Ինչ վերաբերում է հայ երգիչ-երգչուհիների կողմից բազմիցս նշվող այն արտահայտություններին, որ արտասահմանում թողարկելով ձայնասկավառակներ և տեսասկավառակներ, դրանք առավել քան պաշտպանված են, ապա դա միանշանակ չէ։ Ըստ Ս. Ամիրաղյանի, իրականում մեր երգիչների ֆինանսները չեն ների իրենց սկավառակներն այնտեղ թողարկել, քանզի դրանք մեծ գումարների հետ են կապված. «Իսկ նմանատիպ խոսակցություններն ուղղակի PR քայլեր են` արված նրանց կողմից»:

Նշենք, որ 2011 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը, որի լիարժեք կիրառման դեպքում «պիրատների» կողմից իրականացվող գործունեությունն ուղղակի իսպառ կվերանար, սակայն առայժմ տեղի է ունենում հակառակը՝ վերջիններիս գործունեությունը գնալով թափ է հավաքում։

Նշենք նաև, որ ֆինանսական կողմից բացի` կեղծ ձայնասկավառակներն ունեն ևս մեկ բացասական ազդեցություն. դրանք վնասում են առողջությանը։ Ս. Ամիրաղյանը հաստատեց դա՝ նշելով. «CD-ն համարվում է կրիչ, ու դրա որակը կարող է ազդել մարդու վրա: Օրինակ, եթե մարդը դիտում է ֆիլմ վատ որակի ձայնասկավառակից, ապա այն կարող է ուղղակի ազդել մարդու նյարդերի վրա, իսկ այն ազդում է առողջականի վրա»:
Կեղծ ու անորակ ձայնասկավառակների ազդեցության մասին վկայում են նաև բժիշկները։

Ակնաբույժ, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ վատ որակի տեսասկավառակները կարող են ազդել մարդու տեսողության վրա. «Ասել, որ ինչ-որ ուղիղ կապ կա տեսասկավառակի որակի և մարդու տեսողության վատթարացման միջև` սխալ կլինի, բայց այն, որ վատ որակի ամեն տեսակ ապրանք կարող է բացասաբար ազդել առողջության վրա` դա հաստատ է: Լարվածությունը, հաճախակի թարթելու ցանկությունը, աչքերի կարմրությունը կարող են առաջացնել խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն մարդու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս