Գյուղատնտեսության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը երեկ ազատման դիմում է ներկայացրել: Նշենք, որ նա համակարգում էր անտառային և սննդամթերքի անվտանգության ոլորտները, նախարարության քաղաքականության իրականացման, միջազգային համագործակցության ծրագրերի և գյուղատնտեսության աջակցության նպատակով իրականացվող խորհրդատվական աշխատանքները: 168.am-ը շրջանառվող լուրը ճշտելու նպատակով կապվեց Գյուղնախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանի հետ, ով հարցին, թե արդյո՞ք շրջանառվող լուրերը ճիշտ են, պատասխանեց. «Նա ազատվում է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի է անցնում»: Հարցին, թե որտեղ է աշխատանքի անցնում, Անի Սմբատյանը պատասխանեց, որ չգիտի:
168.am-ը փորձեց պարզել, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանն ինչպես է արձագանքել իր աշխատակցի ինքնակամ աշխատանքից հեռանալու փաստին: Ա. Սմբատյանն ասաց. «Գյուղնախարարն այստեղ կապ չունի: Վարչապետն է նշանակում կամ ազատում փոխնախարարներին»: