
Գյուղմթերքի մթերման գործընթացը դեռ կշարունակվի

Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կիրացվի գյուղացիների արտադրած ողջ գյուղմթերքը: Այս մասին 168.am-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից: Հարցին, թե մինչ սույն թվականի սեպտեմբերի 26-ն ի՞նչ քանակությամբ պտուղ-բանջարեղեն է մթերվել, Ռ. Մակարյանը պատասխանեց. «Սույն թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացում ներգրավված 38 ընկերություններ, առանց չոր մթերքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների, մթերել են 43825.5 տոննա պտուղ-բանջարեղեն: 2011 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերվել էր 39222.9 տոննա պտուղ-բանջարեղեն: 2011 թվականին տարեկան վերամշակվել է 65274.2 տոննա պտուղ-բանջարեղեն»: Ըստ Ռոբերտ Մակարյանի, սույն թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ հանրապետության խաղողի մթերման գործընթացում ներգրավված 35 ընկերությունների կողմից մթերվել է 71658.8 տոննա խաղող: