«Սուխոյ»-«Արմավիա» հակամարտություն. Անորոշությունը պահպանվում է
«Ներկա պահին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն մեկնաբանություններ չի տրամադրում վերոնշյալ խնդրի վերաբերյալ: Մեր ընկերությունն այս ամսվա վերջին կանի իր պաշտոնական հայտարարությունը»,- 168.am-ին հայտնել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան։ 168.am-ն այսօր հարցում էր ուղարկել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը` «Արմավիա» ավիափոխադրողի հետ իրենց ունեցած խնդրի լուծման վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 15-ին 168.am-ի հետ զրույցում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության աշխատակից Անդրեյ Մուրավյովը նշել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության երկրորդ ինքնաթիռից հրաժարվելու մասին, քանի որ 2011-ից շահագործվող «SSJ 100»-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել:
«Արմավիայի» և «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության միջև ծագած խնդրի լուծումը պետք է տրվեր ամենաուշը մինչև սեպտեմբերի 15-ը, քանի որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքային խումբ էր ստեղծել, որը զբաղվում էր կոնկրետ այդ հարցի լուծմամբ, ու նրա կողմից վերջնաժամկետ էր նշանակվել հենց սեպտեմբերի 15-ը: