ՊՆ զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով 1 զոհ և 9 վիրավոր կա
Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում երեկ` սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասին եւ շրջվել, ինչի հետեւանքով շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը գիտակցության չգալով մահացել է, իսկ 9 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին 168-am-ին տեղեկացրել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն , իսկ այնտեղից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Շարքային 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին, ժամը 00.20-ին գիտակցության չգալով մահացել է: Նա զորակոչվել էր Շահումյանի զինկոմիսարիատից:
Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Պերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղեւոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի եւ ավագ սերժանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով ` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը հոդվածով 25.09.2012թ-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ 168.am-ի թղթակիցը երեկ՝ դեպքի օրը, այդ մասին տեղեկատվությունը պատրաստելիս փորձել էր մանրամասներ ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհասանելի էր: