Բաժիններ՝

Հնարավոր կլինի ծառ տնկել և գումար վաստակել բջջայինի միջոցով

«Այսուհետ բնությունը հնարավոր կլինի փրկել բջջային հեռախոսի միջոցով, քանի որ անտառածածկ տարածքները հնարավոր կլինի ավելացնել նոր տեխնոլոգիաների օգնությամբ: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել հայերի կողմից մշակված «MicroForester» բջջային հավելվածի միջոցով, որը, վերոնշյալից բացի, նաև հնարավորություն կտա ծառը տնկելու և խնամելու համար գումար վաստակել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «MicroForester» թիմի ղեկավար Ալեքսանդր Շաքարյանը: Ըստ նրա` նոր նախագծի շնորհիվ կարող է լուծվել երկու գլոբալ խնդիր:

Դրանցից մեկը շրջակա միջավայրի խնդիրն է: Նրա խոսքով` ամեն վայրկյան ամբողջ աշխարհում կտրվում է մեկ ֆուտբոլի դաշտի չափ ծառ, տարվա կտրվածքով այն դառնում է Ռումինիայի տարածքի չափ տարածք: Խոսքը` միայն անօրինական ծառահատման մասին է: Նշենք, որ Ռումինիայի ընդհանուր տարածքը 237.500 կմ է: Երկրորդ գլոբալ խնդիրը, որը կարող է լուծվել բջջային հավելվածի միջոցով` աղքատությունն ու գործազրկությունն է:

Ըստ Ա. Շաքարյանի` աշխարհում 22 տոկոսից ավելի մարդ ապրում է 1.25 դոլարից պակաս գումարով, իսկ նախագիծը մարդկանց գումար վաստակելու հնարավորություն կտա: «Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ծառ են տնկում, սմարթֆոնով արված ծառի լուսանկարը GPS համակարգի միջոցով որոշված կոորդինատների հետ միասին ուղարկելով սերվերին` տնկողը կվարձատրվի: Բացի այդ, հետագայում սերվերը պարբերաբար ծառը տնկողին հաղորդագրություն կուղարկի` տեղեկացնելով, թե ինչ հաճախականությամբ է պետք ծառը ջրել: Ջրելիս` ծառը կրկին կարելի է նկարել, տվյալներն ուղարկել սերվերին և դրա դիմաց ևս գումար վաստակել»,- ասաց Ա. Շաքարյանը:

Ըստ նրա` նորարարական գաղափարը նպատակ ունի ավելացնել աշխարհում անտառածածկ տարածքներն և դրան զուգահեռ` նպաստել նաև աշխատատեղերի ստեղծմանը: «Բնությունը պաշտպանելու տարբեր փոքր ծրագրեր կիրառվում են, օրինակ, hասարակական կազմակերպությունների կայք կա, որի միջոցով կարելի է ծառ պատվիրել, որպեսզի տնկվի, սակայն, թե որտեղ է այդ ծառը գտնվում կամ` ծառի աճելու մասին պատվիրատուն տեղեկություններ չի կարող ունենալ, մինչդեռ նոր ծրագրով այդ տեղեկություններն ավելի թափանցիկ են դառնում, իսկ պատվիրատուն կարող է պարբերաբար տեսնել ծառի լուսանկարը»,- ասաց Ա. Շաքարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` «MicroForester» նախագծի շրջանակներում մարդկանց համար գումարներ կհավաքվեն մի քանի աղբյուրներից` պետական տարբեր հաստատություններից և նախարարություններից, շրջակա միջավայրի պաշտպանության տեղական և միջազգային հիմնադրամներից և հ/կ-ներից, բիզնես կազմակերպություններից, որոնք շրջակա միջավայրին ուղղակի վնաս են պատճառում: Ըստ Ա. Շաքարյանի` ծառերի տնկման և խնամքի վճարումները տարբեր են լինելու, սակայն մարդիկ հնարավորություն կունենան օրական 3-20 դոլար գումար աշխատել Հայաստանում, այդ գումարը գրեթե նույնը կլինի ամբողջ աշխարհում:

Ներկայում նախագծի հեղինակներն արդեն իսկ մի քանի միջազգային և տեղական կազմակերպություններ հետ բանակցություններ են վարում: Ա. Շաքարյանը վստահեցնում է, որ «դրսի և ներսի» որոշ ընկերություններ լուրջ հետաքրքրված են ծրագրով, սակայն նա որևէ անուն չնշեց:

«Հավելվածի նախնական տարբերակն արդեն պատրաստ է, թեև դեռևս կատարելագործման կարիք ունի, սակայն, կարծում եմ, որ այս աշնանն արդեն ծառ տնկելով` որոշ մարդիկ կարող են գումար վաստակել` միևնույն ժամանակ այդ կերպ նպաստելով աշխարհում ծառերի շատացմանը»,- ասաց Ա. Շաքարյանը:

Իսկ հարցին` եթե ցանկացողները շատ լինեն, ի՞նչ է լինելու այդ դեպքում, Ա. Շաքարյանը պատասխանեց, թե դա կլինի լավագույն տարբերակը. «Եթե ցանկացողները շատ լինեն, մենք կաշխատենք որևէ մեկին չմերժել, այլ գտնել ինչ-որ տարբերակներ այդ հարցի լուծման համար` այդ կերպ նպաստելով բարձր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ամբողջ աշխարհում ծառերի շատացմանը, և մարդկանց հնարավորություն տալ գումար աշխատել բարձր տեխնոլոգիաներ օգտագործելով»: Ա. Շաքարյանը վստահ է, որ հետագայում այդ հավելվածը հնարավոր կլինի կիրառել ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս