Իսրայելը բարձրացրել է բանակի պատրաստականությունը՝ Իրանի հնարավոր հարձակումը հետ մղելու համար
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) շարունակում է բարձրացնել բանակի պատրաստականության մակարդակը՝ հետ մղելու Իրանի հնարավոր հարձակումը, որ կարող է իրականացվել՝ ի պատասխանը հոկտեմբերի 26-ին իրանական ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակման։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին։
«Ավելացված զգոնությունը ներառում է ԻՊԲ գլխավոր շտաբի բոլոր ճյուղերի և ստորաբաժանումների, այդ թվում՝ Ներքին ճակատի հրամանատարության (խմբ.՝ պատասխանատու է քաղաքացիական պաշտպանության համար) իրավիճակի ամենօրյա գնահատումը: Հետախուզական տեղեկատվության հավաքագրման ջանքերն ակտիվացել են տարբեր մեթոդների կիրառմամբ, որոնք ներգրավում են ողջ հետախուզական հանրությունը», – գրում է հրատարակությունը:
Նշվում է, որ միևնույն ժամանակ իսրայելական օդուժը գտնվում է բարձր պատրաստականության վիճակում՝ կենտրոնանալով վերահսկման և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։«Իսրայելում հարյուրավոր ամերիկացի զինվորների ներկայությունը, որոնք շահագործում են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը, ընդգծում է ԻՊԲ-ի և այստեղ տեղակայված ԱՄՆ զորքերի սերտ համագործակցությունը», – պարբերականին հայտնել է Իսրայելի ռազմական գերատեսչության պաշտոնյան։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի տեղակալ Ամիր Բարամը հայտնել է, որ երկիրն ամրապնդել է համագործակցությունը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ՝ պատրաստվելու տարբեր սցենարների:
Ռազմական գերատեսչության աղբյուրները The Jerusalem Post-ին նաև հայտնել են, որ չնայած արտասահմանյան լրատվամիջոցների տարբեր տեղեկություններին, Իրանի պատասխան քայլերի ճշգրիտ ժամկետների վերաբերյալ հաստատված տեղեկություններ չկան:
Ըստ աղբյուրների՝ Իրանը «դեռ դիտարկում է պատասխան գործողությունների տարբերակները և գնահատում իր պատասխանի մասշտաբները»։
ԻՊԲ-ն չի բացառում, որ Իրանի պատասխանը կարող է լինել ոչ թե ուղղակիորեն Իրանից, այլ Սիրիայից, Եմենից կամ Իրաքից։ Բացի այդ, Իսրայելի անվտանգության պաշտոնյաները չեն բացառում, որ Իրանը կարող է փորձել թիրախավորել բարձրաստիճան պաշտոնյաներին ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ արտերկրում:
Միաժամանակ, ըստ թերթի զրուցակիցների, Թեհրանն, ամենայն հավանականությամբ, մանրամասնորեն դիտարկում է Վաշինգտոնի նախազգուշացումները։
«Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է ազդել ԱՄՆ ընտրությունների վրա, քանի որ Իսրայելը խորապես ներառված է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների քարոզարշավների քաղաքական խոսույթներում», – ասել է աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Իրանը պլանավորում է Իսրայելին հարված հասցնել՝ օգտագործելով ավելի հզոր մարտագլխիկներ։ Նոյեմբերի 2-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է վճարեն Իրանի նկատմամբ իրենց քաղաքականության համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող անպատասխան թողնել Իսրայելի հարձակումը։ Սակայն նա նշել էր, որ «պատասխանի տեսակն ու ինտենսիվությունը» կարող է փոխվել, եթե Գազայում և Լիբանանում հրադադար հաստատվի։