Դարքնետում վաճառում է Մերձավոր Արևելքի օգտատերերի հաշիվների 10 միլիոն զույգ գողացված մուտքանուն և գաղտնաբառ
Kaspersky Digital Footprint Intelligence (DFI) թիմն ուսումնասիրել է դարքնետում և ստվերային մարկետփլեյսերում 2024-ի առաջին կիսամյակում արված հայտարարությունները՝ Մերձավոր Արևելքի երկրների կազմակերպությունների և պետական հաստատությունների հիմնական կիբերսպառնալիքները բացահայտելու համար։
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ ինֆոստիլերների օգնությամբ չարագործները ձգտում են հնարավորինս շատ գաղտնի տվյալներ հավաքել վարակված սարքերից: Հաշիվների մուտքանունները և գաղտնաբառերը մեծ պահանջարկ ունեն: Kaspersky DFI-ի փորձագետները դարքնետում հայտնաբերել են գրեթե 10 միլիոն նման կապակցություն, որոնք հրապարակվել են 2024-ի առաջին վեց ամիսներին: Դրանք հիմնականում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի տարբեր ընկերությունների աշխատակիցների կամ այդ թվում պետական ծառայությունների օգտատերերի հաշվառման տվյալներ են:
Արտահոսած տվյալները կարող են օգտագործվել տարբեր խարդախ գործողություններ՝ շանտաժից մինչև թիրախային գրոհներ իրականացնելու համար: 2024-ի առաջին կիսամյակում չարագործները դարքնետում և ստվերային ֆորումներում տեղադրել են մերձավորարևելյան ընկերությունների կորպորատիվ տվյալների 125 բազա։ Արտահոսքերի ամենամեծ քանակով երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Իրաքը և Եգիպտոսը:
Kaspersky DFI-ի փորձագետների տվյալներով՝ ծածկագրող ծրագրերի օգտագործմամբ գրոհներ կազմակերպող կիբեռխմբերը դարձել են ավելի կազմակերպված և կառուցվածքավորված: 2024-ի առաջին կիսամյակում Մերձավոր Արևելքում գործել է առնվազն 19 նման խումբ։ Ներկայության հիմնական երկրներն են ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: Առավել ակտիվ են Lockbit 3.0-ն, Stormous-ը, Rhysida-ն և Qilin-ը։ Առավել հաճախ գրոհների ենթարկված ոլորտների թվում են պետական կազմակերպությունները, շինարարական և խորհրդատվական ընկերությունները:
Գաղափարաբանությամբ մոտիվացված հաքտիվիստական գործունեությունը թափ է հավաքում։ Ընդունված է համարել, որ առավել հաճախ հաքտիվիստները կատարում են DDoS գրոհներ։ Սակայն այժմ նման չարագործների գործունեությունը գնալով ավելի կործանարար է դառնում և հանգեցնում է կրիտիկական հետևանքների՝ տվյալների արտահոսքերի և առանձին կազմակերպությունների կոտրանքի։ Kaspersky DFI-ի փորձագետները Մերձավոր Արևելքում արձանագրել են հաքտիվիստների ավելի քան 11 շարժում և խումբ:
Նախնական հասանելիության բրոքեր չարագործների հիմնական նպատակը կորպորատիվ ցանցեր մուտքի կետերի որոնումն է: Դրանք այդ թվում վերավաճառվում են ավելի մեծ խմբերի կամ գրոհողների, որոնք ունեն գրոհի հետագա զարգացման հնարավորություն և մոտիվացիա։ Kaspersky DFI-ի փորձագետները դարքնետում ավելի քան 40 հայտարարություն են հայտնաբերել Մերձավոր Արևելքի պետական, կրթական, արտադրական, տրանսպորտային, ֆինանսական, բժշկական կազմակերպությունների և այլ ոլորտների ձեռնարկությունների կորպորատիվ համակարգերին հասանելիության վաճառքի մասին:
«Չարագործները ոչ միայն կատարելագործում են գոյություն ունեցող մեթոդները, այլև մշակում են նոր մարտավարություններ և գործիքներ։ Անհրաժեշտ է զգոնություն պահպանել՝ կորպորատիվ ցանցերը դարքնետից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար: Հարցն այն չէ, թե արդյոք գրոհը տեղի կունենա, այլ ավելի շուտ այն, երբ գրոհը տեղի կունենա: Հետևաբար, կազմակերպությունների համար կարևոր է մեկ քայլ առաջ լինել կիբեռչարագործներից»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Վերա Խոլոպովան:
Հետազոտության մանրամասները՝ այստեղ.։