Բաժիններ՝

Հովնանյանը պատրաստ է սիրիահայ գործարարներին տարածքներ տրամադրել Գյումրիում

Գործարար Վահագն Հովնանյանի կարծիքով, սիրիահայերն այսօր իրոք դժվարությունների մեջ են, նրանց պետք է օգնել, քանի որ «նրանք եկել են իրենց տուն, այլ ոչ՝ օտար երկիր»: Այս մասին Հովնանյանն այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ գործարարի, սիրիահայերը վստահություն են փնտրում այստեղ, որպեսզի կարողանան աշխատանք և ընտանիք հիմնել: Հարկավոր է ոչ թե զուտ բառերով օգնել, այլ՝ գործով ապացուցել: Վ. Հովնանյանն ասում է, որ միայն նման կերպ ենք կարող ցույց տալ մեր հայրենասիրությունը. «Ամենամեծ ուրախությունն ինձ համար այն էր, որ այս ժողովուրդը չփախավ և եկավ Հայաստան: Մենք պետք է մեր թևերը լայն բացած ընդունենք նրանց` առանց ածականներ տալու և առանց վիրավորելու, օրինակ՝ «ախպար» ասելու»:

Օգնելու ճանապարհներից մեկը, նրա կարծիքով՝ այն է, որ կառավարությունը որոշակի արտոնություններ սահմանի սիրիահայ  գործարարների համար։ «Օրենքներում պետք է փոփոխություններ լինեն, որ մարդկանց համար բարի գործ արվի, և սիրիահայերը շունչ մը առնին այստեղ»,- կարծում է Վահագն Հովնանյանը:

Միևնույն ժամանակ, վերջինիս համոզմամբ, ամեն ինչ միայն կառավարության վրա թողնելը ճիշտ չէ. ժողովրդից էլ է շատ բան կախված։ Հովնանյանն առաջարկում է հավաքվել հարուստներով և անել ամեն ինչ, որպեսզի օգնեն սիրիահայերին, և նրանք մնան այստեղ: Նա նաև ավելացրեց, որ ինքն անձամբ՝ որպես գործարար, պատրաստ է աջակցել սիրիահայերին` առաջարկելով նրանց աշխատատեղեր: Բացի այդ, օրինակ, Գյումրիում պատրաստ է սիրիահայ գործարարներին տարածքներ տրամադրել:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս