2011թ.-ին ՀՀ կառավարությանը հաջողվել է հաղթահարել հիմնական մարտահրավերները.Վարչապետ
2011 թ. Հայաստանի տնտեսության համար բեկումնային տարի էր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով 2011 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությանը նվիրված ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում:
Տ. Սարգսյանի խոսքով՝ զսպվել է գնաճը, բարձրացել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, արագացել է տնտեսական աճի տեմպը:
Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ 2010 թ. վերջում ձեւավորվել էր բարձր գնաճային միջավայր՝ 12-ամսյա գնաճը կազմել է 9,4%, ինչը ստիպել է ՀՀ կառավարությանը՝ հրաժարվել ճգնաժամի ընթացքում կիրառվող ընդլայնողական քաղաքականությունից, միեւնույն ժամանակ՝ անցում է կատարվել արդյունաբերական քաղաքականությանը:
2011 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է հաղթահարել հիմնական մարտահրավերները՝ գնաճը տարեւերջում իջել է մինչեւ 4,7%, տնտեսական աճը կազմել է 4,6%:
2011 թ. աճել են արտահանման ծավալները, ինչին մեծապես նպաստել է վերամշակող արդյունաբերությունը: Ընդհանրապես՝ արդյունաբերության երկնիշ աճը 2011 թ. վկայել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին՝ հօգուտ արտադրական ճյուղերի: