Վահագն Հովնանյան. «Եթե կառավարությունը վատ է աշխատում, հարկավոր է այդ մասին ասել»
«Անցած շաբաթ կայացած Կառավարության խորհրդակցության ընթացքում երկրի նախագահը քննադատեց Կառավարության աշխատանքը: Ես կարծում եմ, եթե կառավարությունը վատ է աշխատում, հարկավոր է այդ մասին ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար Վահագն Հովնանյանը:
Ըստ Վ. Հովնանյանի, լինում են ժամանակներ, որ հարկավոր է նշել խնդիրների մասին: Եվ քանի որ նախագահն է ժողովրդի առաջնորդը, նա էլ պարտավոր է նշել խնդիրների մասին: «Հարկայինը տուգանքներ է նշանակում, եթե մենք խախտումներ ենք անում՝ թերանում ենք մեր աշխատանքում: Նույնն էլ տեղի ունեցավ Կառավարության խորհրդակցության ժամանակ, երբ նախագահը շեշտեց խնդիրները»,- ասել է Վ.Հովնանյանը:
Վերջինս, սակայն, չի ցանկանում ամեն ինչ բարդել կառավարության վրա: «Մենք էլ պետք է լավ աշխատենք, որպեսզի ամենը մեր ուզածով լինի: Ամեն տեղ կա դժվարություն՝ Հայաստանը բացառություն չէ: Մենք էլ այդ ամբողջի մի մասն ենք կազմում: Հիմա էլ կան նման դժվարություններ: Հարկավոր է ամեն ինչը կոչել իրենց անուններով: Ժամանակ է հարկավոր, որ մաքրվի այն ամենը, ինչ կա: Այլ երկրներ էլ ունեն խնդիրներ: Օրինակ՝ Բուլղարիան, որտեղ կոռուպցիան բավական բարձր տոկոս է կազմում»,- ասաց Վ.Հովնանյանը: