Ազիզ Թամոյանը վախենո՞ւմ է Թահսին Բեգից
Եզդիների ներազգային բախումները շարունակվում են: Բանն այն է, որ Այղր լճի շրջակայքում կառուցված եզդիների սրբավայրի օծման շուրջ խնդիրները տարակարծություններ են առաջացրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին սրբավայրն օծելու նպատակով Հայաստան է գալու Թահսին Բեգը, ով համարվում է ամբողջ աշխարհի եզդիների առաջնորդը:
Օրեր առաջ մեզ հետ զրույցում աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանն ասաց, թե Թահսին Բեգը սրբավայրն օծելու իրավունք չունի, քանի որ, ըստ նրա` Թահսին Բեգը քուրդ է, և իրավունք չունի խառնվելու եզդիների կյանքին: Պարզվում է` Թամոյանի այս հայտարարությունը Հայաստանի եզդիների շրջանում նոր քննարկումների առիթ է դարձել:
168.am-ի հարցին, թե Ազիզ Թամոյանն ինչո՞ւ է Թահսին Բեգի մասին նման հայտարարություններ անում, «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը պատասխանեց. «Քանի որ, եթե այն մարդը գա Հայաստան, Թամոյանի միֆը, թե նա աշխարհի եզդիների առաջնորդն է, հօդս կցնդի: Նա դրանից է վախենում»:
Հարցին էլ, թե Թահսին Բեգն իրավա՞մբ եզդի է, Բորիս Թամոյանը պատասխանեց. «Նա Միր է, իսկ դա նշանակում է, որ կասկած չկա նրա՝ եզդի լինելու փաստի մեջ: Միրի պաշտոնը հավասարազոր է հայերի կաթողիկոսին: Այն ժառանգական է անցնում, հորից` որդուն: Ուստի, բնականաբար, եթե նա Միր է, ուրեմն հաստատ եզդի է»:
Ի պատասխան Բորիս Թամոյանի հայտարարություններին, թե`Ազիզ Թամոյանը վախենում է, որ Թահսին Բեգի Հայաստան գալով հօդս կցնդի Ազիզ Թամոյանի «միֆը», ուստի դրա համար է նա կասկածի տակ դնում Թահսին Բեգի ազգությունը, մեզ հետ զրույցում Ազիզ Թամոյանն ասաց. «Այդ ո՞վ ա այդ տղան, ո՞վ է նրան թույլ տվել այդ կերպ խոսել: Ես այդ հարցին պարզապես չեմ պատասխանի»: