Ազիզ Թամոյան. «Թահսին Բեգը քուրդ է, թող ձեռքերը հեռու քաշի եզդիներից»
Հայաստանաբնակ եզդի ազգի ներկայացուցիչների մեջ ներազգային բախումները շարունակվում են: Եթե նախկինում եզդի առաջնորդները վիճում էին իրենց կրոնի և մշակույթի առանձնահատկությունների և պատմության շուրջ, ապա այսօր խնդիրն այլ է. խնդիրը աշխարհի եզդիների առաջնորդ Թահսին Բեգի ազգային պատկանելությունն է:
Հիշեցնենք, որ 168.am-ն անդրադարձել էր եզդիների՝ Հայաստանում կառուցած սրբավայրին, որի բացումը կլինի սեպտեմբերի 27-ին: Սրբավայրի բացման համար Հայատան է ժամանելու եզդիների հոգևոր առաջնորդը՝ Միր Թահսին Բեգը:
Մենք զրուցեցինք «Աշխարհի եզդիների առաջնորդ» Ազիզ Թամոյանի հետ: Նա այդ պահին գտնվում էր ՀՀ կարավարության շենքի մոտ. գնացել էր նամակ փոխանցելու ՀՀ կառավարությանը: Նամակներ նա փոխանցել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային Ժողովի նախագահին:
Հարցին, թե ի՞նչ բովանդակություն ունի նամակը, և ինչո՞ւ է նամակով դիմում ՀՀ իշխանություններին, Ա. Թամոյանը պատասխանեց, որ իր նամակով ցանակնում է բոլորին ցույց տալ Թահսին Բեգի «իրական դեմքը».
«Նա քուրդ է, թող ձեռքերը հեռու քաշի մեր ժողովրդից: Նա քրդացել է, ի՞նչ գործ ունի եզդիների հետ: Ես լավ գիտեմ մեր պատմությունը, 1-9-րդ դասարանների եզդի երեխաների համար դասագրքեր եմ գրել, լավ գիտեմ, թե ովքեր ենք մենք: Վստահեցնում եմ, որ մեզ քրդացնել չի հաջողվի»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Ա. Թամոյանը ցանկանում էր Կառավարությանը հասցեագրված նամակի պատճենը մեզ հանձնել: Նա խոստացավ թոռան միջոցով այն մեզ ուղարկել էլեկտրոնային տարբերակով: Թամոյանի թոռը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի սկզբում պատրաստակամություն հայտնեց նամակն ուղարկել, սակայն քիչ հետո հրաժարվեց` տարբեր պատճառաբանություններով:
Թե ո՞րն էր պապ ու թոռան տարակարծությունն այս հարցում, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, սակայն ակնհայտ էր, որ Ազիզ Թամոյանը ցանկանում էր այն հրապարակել, իսկ նրա թոռը` ոչ: