Մարմնավաճառները նույնպես ոչինչ չեն բացառում

Հայաստանի քաղաքական բառապաշարում վերջին տարիներին հաստատուն տեղ է զբաղեցնում «ոչինչ չի բացառվում» արտահայտությունը: Դա օգտագործում է թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը` որևէ երևույթի վերաբերյալ կանխատեսումներ անելիս: Զուտ մարտավարական առումով, իհարկե, դա բավական հեշտ և հարմար մեթոդ է. թվում է` ցանկացած հարցի կարելի է չպատասխանել` պատասխանելով՝ «ոչինչ չի բացառվում»: Սակայն հայաստանյան ներքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքական ուժերի ու գործիչների համար դա ոչ թե մարտավարական հնարք է, այլ կենսաձև, արժեքային համակարգի բաղադրիչ:

Քաղաքակիրթ աշխարհում որևէ հարցից խուսափելու ընդունված ավանդական ձևը «no comment» արտահայտությունն է, որը, սակայն, Հայաստանում շատ քիչ են օգտագործում կամ գրեթե չեն օգտագործում: Որովհետև մեր քաղաքական գործիչներն իսկապես ապրում ու գործում են ոչինչ չբացառելու սկզբունքով: Մինչդեռ իրականում, նորմալ քաղաքական-հասարակական հարաբերություններում քաղաքական գործիչները պետք է լինեին ամենաշատը «բացառողները»:

Եթե քաղաքական ուժը հիմնված է արժեքների, գաղափարների ու սկզբունքների վրա, ապա ինչպե՞ս կարող է չբացառել որևէ բան: Քաղաքական ուժերն ու գործիչները պետք է նվազագույնը բացառեն այն, ինչը հակասում է իրենց դավանած գաղափարներին ու սկզբունքներին: Բայց Հայաստանում ականատես ենք լինում բոլորովին այլ պատկերի:

Իրենց ծայրահեղ ազատական համարողները չեն բացառում համագործակցությունը սոցիալիստների հետ, սահմանադրական կարգի համար՝ պայքարում են սկզբում՝ այդ կարգը տապալողներից մեկի դեմ, հետո` նրան դարձնում են դաշնակից, ընտրությունների ժամանակ հայհոյում են իրար, հետո` կոալիցիաներ են կազմում, և այլն, և այդպես շարունակ: Նաև դա է պատճառը, որ Հայաստանում դասական իմաստով քաղաքական հաշվարկներն ու կանխատեսումները գրեթե չեն գործում, քանի որ իսկապես ոչինչ բացառված չէ:
Իշխանությունների դեպքում «ոչինչ չբացառելու» գործելաոճն ինչ-որ առումով կարելի է նորմալ համարել:

Այն իմաստով, որ ներկայիս իշխանությունը ապագաղափարական, որևէ սկզբունք չունեցողների միավորում է, որոնք համախմբվել են ընդամենը մեկ նպատակի` իշխանությունը հնարավորինս երկար պահպանելու շուրջ: Սակայն Հայաստանում նույնկերպ վարվում է նաև ընդդիմությունը, ինչն ամբողջությամբ դեգրադացնում է քաղաքական համակարգը, իսկ քաղաքականությունն` ընդհանրապես:

Ի դեպ, «ոչինչ չբացառելու» սկզբունքի հիմքը ներկայիս քաղաքական դաշտում ինչ-որ իմաստով դրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` դեռևս 2008 թվականի մարտի 1-ին` իր տանը կայացած մամլո ասուլիսում: «Հնարավո՞ր է համագործակցությունը  Ռոբերտ Քոչարյանի հետ» հարցին Լ. Տեր-Պետրոսյանը ուղղակիորեն պատասխանել էր. «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

Ու պատահական չէ, որ «չբացառման» ներկայիս ամենացայտուն դրսևորումներից մեկը հենց Հայ ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն է, որը, թվում էր, բոլոր առումներով պետք է որ բացառված համարվեր: Իրեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ջահակիր համարող ՀԱԿ-ն այսօր ջանք չի խնայում ժողովրդավարության հետ, ըստ էության, որևէ առնչություն չունեցող, որևէ գաղափար չդավանող ԲՀԿ-ի ուշադրությանն ու գործընկերությանն արժանանալու համար:

Քաղաքական ուժերի նման վարքագծի արդյունքում՝ հասարակությունը նույնպես առաջնորդվում է «ոչինչ չբացառելու» սկզբունքով: Այդպես վարվում է ընտրությունների ժամանակ` որևէ ուժից ընտրակաշառք վերցնելով, մեկ այլ ուժի էլ խոստանալով` բացառված չէ, որ ձայնը նրան տա: Հասարակության այդ հատվածն, ի դեպ, իր այդ վարքագիծն  արդարացնում է քաղաքական ուժերի փչացածությամբ` հիշեցնելով «քաղաքականությունն անբարոյականություն է» արտահայտությունը: Հայաստանյան քաղաքական ուժերը ոչ միայն երբևէ չեն փորձել իրենց գործողություններով հասարակությանը հակառակն ապացուցել, այլ ամեն ինչ արել են՝ այդ անհեթեթ կաղապարն արմատավորելու համար:

Իրականում քաղաքականությունը գուցե ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, եթե քաղաքական ուժերն ու գործիչները որևէ գաղափարի ու սկզբունքի դավանում են՝ ոչ թե հարմար պահին «ոչինչ չբացառելու», այլ այդ գաղափարներն իրացնելու` ավելի լավ պետություն կառուցելու, հասարակության շահերը սպասարկելու համար:
«Ոչինչ չբացառելու» սկզբունքը տարիների ընթացքում խեղաթյուրել է քաղաքականության բովանդակությունը, ինչի ականատեսն ենք այսօր:

Այլևս քաղաքականության մեջ դոմինանտ են ոչ թե գաղափարներն ու սկզբունքները, այլ շահերը: Իսկ երբ շահերը գերակայում են գաղափարներին, քաղաքական դաշտը դադարում է գոյություն ունենալ: Քանի որ, եթե շահերին հասնելու համար կարելի է ոչինչ  չբացառել, ապա ամենևին նշանակություն չունի, թե ինչ գաղափարախոսություն է «կրում» այս կամ այն կուսակցությունը:

Հայաստանում տեսանելի ապագայում քաղաքական գործընթացների հիմքում դրված է լինելու միայն շահը: Իշխանությունն իր շահի համար գործարք է առաջարկելու ընդդիմությանը, վերջինս` կրկին իր շահի համար՝ համաձայնելու է դրան, հասարակության շահն էլ մնալու է ընդամենն ընտրությունից՝ ընտրություն ստանալ իր դրամական շահը` ընտրակաշառքի տեսքով:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս