Բաժիններ՝

Գանձագողությունը Հայոց մեջ

Մոտ 200 տարի առաջ կայսր Նապոլեոնն իրավաբանների խումբ հավաքեց ու հանձնարարեց գրել երկրի սահմանադրությունը: Իրավաբանների` «Ի՞նչ և ինչպիսի՞ սահմանադրություն գրել» հարցին Նապոլեոնը պատասխանեց. «Գրեք` կարճ և անհասկանալի»: Թե ով և երբ է նմանատիպ խորհուրդ (կամ հրահանգ) տվել մեր չինովնիկներին` դժվար է ասել: Նույնքան դժվար է պնդելը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գնահատող մեր վարչապետն է հանձնարարել գործադիր իշխանություններին պաշտոնական կայքեր ունենալ:

Դա երևի ժամանակի պահանջն է: Բայց ժամանակի ընթացքում մեր բոլոր ոլորտների «իշխանական-պաշտոնական» կայքերն իրենց բնույթով դառնում են խորհրդանշական: Այսինքն` կողմնակի մարդը գիտի, որ իշխանության տարբեր օղակներ յուրատեսակ հաշվետվություն են հրապարակում այդ կայքերում: Բայց այդ հաշվետվությունները տարեցտարի դառնում են «կարճ ու անհասկանալի»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից հետո ամենամոդայիկը դարձել է պետական գնումների համակարգը: Ամենամոդայիկը` ոչ միայն պետական այրերի «քաղաքական» զրույց-ելույթներում: Նույնիսկ բակում նարդի խաղացողների ու հարևանուհիների սրճախմություն-հավաքույթներում այն իր վարկանիշով անցավ սերիալներից:

Կեղծ մրցույթների ու «ատկատների» մասին հիմա բոլորն են խոսում: Եվ սա լրացուցիչ առիթ է Պետական գնումների հանձնաժողովի պաշտոնական կայքը քչփորելու համար: Բայց եթե դուք նախկինում այցելել եք այս կայքը, ապա ձեզ հիասթափություն է սպասում: Նախկինում պետական գնումների մասին տեղեկատվությունը մի կողմից` ավելի թափանցիկ էր, մյուս կողմից` ավելի հագեցած:

Մի քանի տարի առաջ այս կայքից կարելի էր հաշվետվություն ստանալ, թե, ասենք, ինչ գնով ու քանի շիշ կոնյակ է գնել նախագահի կամ ԱԺ աշխատակազմը պաշտոնական ընդունելությունների կազմակերպման համար: Կարելի էր նայել ու համեմատել խանութների իրական գների հետ: Հիմա ամեն բան ավելի բարդ է: Նախ` պաշտոնական հաշվետվությունները դարձել են անբովանդակ ու կոդավորված:

Օրինակ, կարող եք պարզել, թե մեր, այսինքն` պետական փողերով քանի անվադող կամ մատիտ է գնվել: Նույնիսկ կարող եք պարզել, թե դրանցից որ ամսին քանի հատ է գնվել: Բայց արդեն չեք իմանա, թե որ կազմակերպության համար են կատարվել այդ գնումները: Համաձայնեք, որ նույնիսկ Արտակարգ իրավիճակների նախարարության գնած անվադողերի քանակը պետական գաղտնիք չի կարելի համարել: Ո՞ւր մնաց այս նախարարության գնած կոնյակի կամ գրասենյակային ամրակների քանակը:

Սա պարզապես պետական գնումների մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակ ունի: Իսկ դրա արդյունքում մեծանում է գանձագողության հնարավորությունը: Համաձայնեք, որևէ կոնկրետ գրասենյակի, ասենք, նույն կառավարության աշխատակազմի գնումների հաշվետվություն կարդալը հրապուրիչ է:

Ավելի հրապուրիչ` քան «ՊԳԳ ԱՇՁԲ 10/26 ծածկագրով» կատարված գնումների հաշվետվությունը: Չնայած, որ այս անհասկանալի անունով հաշվետվության ուսումնասիրությունը ևս տարօրինակ փաստեր կբացահայտի: Օրինակ, կտեսնեք, որ այդ ծածկագրերով գնումներ իրականացնող 5 անդամ ունեցող հանձնաժողովը որոշում կայացրել է 2 անդամի մասնակցությամբ: Մյուս անդամների բացակայությունն անկեղծորեն նշվում է որոշումների արձանագրությունների մեջ:

Եթե հավատայի այդ մրցույթների պաշտոնական հաշվետվություններին ու, եթե չվախենայի, որ պետական գնումներ իրականացնող մարմինը դատի կտա իր բարի-գործարար համբավը արատավորելու համար, կգրեի` «Պետական գնումներին մասնակցության հայտ ներկայացնողները այդ կարևորագույն գործն իրականացնող մարմնին գժի տեղ են դրել»:

Բացատրեմ, թե ինչու: Պետական գնումների հայտ ներկայացնող կազմակերպությունները մեր պետությանն առաջարկում են ապրանքներ ձեռք բերել անտրամաբանական գներով: Պաշտոնական հաշվետվություններում նշվում է տվյալ մրցույթին մասնակցող կազմակերպությունների առաջարկած նվազագույն ու առավելագույն գինը: Այդ գները մրցութային հայտերում երբեմն տարբերվում են ավելի քան 50 անգամ: Օրինակ, մայիս ամսին մեր պետությանն անհրաժեշտ է եղել օճառ գնել: Հայտարարված մրցույթին մասնակցած մի կազմակերպություն առաջարկել է օճառը 79 դրամով, իսկ մյուսը` 3650 դրամով: Ակնհայտ է, որ երկրորդ կազմակերպությունը մրցույթում հաղթելու նպատակ չի ունեցել: Նա, կամ արդի երիտասարդների բառուբանով ասած` «ղժժացել է» հարգարժան հանձնաժողովի վրա, կամ` գին է բարձրացրել: Որովհետև օճառն, ի վերջո, գնվել է 207 դրամով: Ու այսպիսի տեսարան է համարյա բոլոր ապրանքատեսակների գնման հաշվետվություններում: Օրինակ, նույն ամսին նույն անվադողերի համար մի կազմակերպություն առաջարկել է իրեն վճարել 48 հազար 500 դրամ, մեկ ուրիշը` 105 հազար 500 դրամ:

Միայն կառավարման բարձրագույն մարմիններին 2012թ. պետբյուջեն ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման համար 4 մլրդ 821 մլն դրամ է նախատեսել: Եթե ճիշտ են փորձագիտական տվյալները, ապա Հայաստանում «ատկատի» ընդունված տոկոսադրույքը 10-25 տոկոս է: Հետևաբար, ինչպես պնդում է ռուսական ասացվածքը, «ՌչՐՈ րՑՏՌՑ րՉպփ»: Խոսքն անգամ տարադրամով վեցանիշ թվերի մասին է: Գանձագողության դեմ պայքարի հարցում Ոստիկանությանն ու Դատախազությանը չվստահելով` բազմաթիվ կառույցներ ենք ստեղծել:

Դրանցից մեկին` ՀՀ Վերահսկիչ պալատին 2012թ. պետբյուջեով 860 մլն դրամ ենք հատկացրել: Համարյա այնքան, որքան գիտության թեմատիկ ֆինանսավորման համար: Լավ է, գոնե այս կառույցի հաշվետվությունը կոռուպցիայի ու գանձագողության հասարակական խոսք ու զրույցի թեմա դարձավ: Որովհետև միայն անուղղելի լավատեսը կարող է երազել, որ դրանք դատական քննարկումների թեմա կդառնան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս