Մուրադ Մուրադյանը վիրավորում է բնապահպաններին
«ԲԱՄՕ Մետալ» ընկերության գործադիր տնօրեն Մուրադ Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում իրենց իսկ ընկերության կողմից նախատեսված ոսկու որոնողական աշխատանքներին, ասել էր, թե դրանք որևէ կերպ չեն վտանգում խմելու ջուրը: Ըստ Մ. Մուրադյանի` ջուրն աղտոտվում է հեղեղումների հետևանքով, իսկ աղմուկն էլ բարձրացնում են բնապահպանական կազմակերպությունները:
Ի պատասխան Մ. Մուրադյանի վերոնշյալ հայտարարություններին, Կապանի «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց. «Կապանի ջրի աղտոտման հարցը ոչ միայն բնապահպան կազմակերպությունների, այլև ամբողջ բնակչության մտահոգությունն է:
Նույնիսկ վիրավորական է, որ նա նման հայտարարություններ է անում, թե բնապահպանական կազմակերպություններն են այդ աղմուկ-աղաղակը բարձրացնում, մենք իրավունք չունե՞նք մեր մտահոգությունները հայտնել իշխանություններին: Իմ մտահոգությունն այն է, որ տվյալ տեղանքում նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվեն, քանի որ Կապան մատակարարվող խմելու ջրի 90%-ը, ջրահավաք ավազանը գտնվում է տվյալ տեղանքում: Մեր մտահոգությունն ավելի է մեծանում, երբ լսում ենք ընկերության ներկայացուցիչների խոսքերը, ըստ որոնց` իրենք գետնանցումներ են պատրաստելու, կամուրջներ են կառուցելու, և այլն»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում ոսկու որոնողական աշխատանքներ իրականացնող «ԲԱՄՕ Մետալ» ընկերության սեփականատեր, Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանն ասել էր, թե այդ ընկերությունը պատկանում է ոչ թե իրեն, այլ եղբորը` Բորիս Մուրադյանին: «Ես հիմա Հայաստանի դեսպանն եմ, Դուք գիտեք: Ընկերությունը պատկանում է իմ եղբորը` Բորիս Մուրադյանին»,- ասել էր Մ. Մուրադյանը` նշելով, թե ընկերությունն իր հիմնադրման օրվանից պատկանել է եղբորը: