«Էդ ի՞նչ վնաս եմ ես տվել»
«Ասեմ, որ այս գործընթացը երկու օր առաջ չի սկսվել: Այս գործընթացը գնում է, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, 2008 թվականից, կարող եմ ասել՝ ավելի շուտ: Ինձ համար, այսպես ասած, հետաքրքիր իրադրություններ են պարզվում, և այսօր ես ունեմ մեծ առաքելություն, և պետք է խնդրեմ մեր գործընկերներին, այն «անձանց», ովքեր ունեն 2008թ. նյույորքյան հարավային վարչական շրջանի դատարանի որոշումը, որտեղ պետք է բռնագանձվի իմ անասունները, գույքը, լավ կլինի նաև, որ ունենան նաև այդ դատական վճիռը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել է մի վճիռ, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն ԱՄՆ դոլար:
Այվազյանի խոսքով` այդ դատավճիռն ուշադիր կարդալիս`նկատելի է, որ արդեն 6 տարի է` իրեն փորձում են դարձնել արբիտրաժային կողմ: «Միջազգային արբիտրաժը մերժում է այդ անհեթեթ գործը, սակայն վարչական շրջանն իրականացնում է մեկ վարչական վարույթ, և վարչական վարույթի հետ կապված՝ 2008թ., նորից եմ ուզում կրկնել` տեղի է ունենում որոշում, որը ես հիմա փորձելու եմ, բնականաբար, այդ որոշումը ձեռք բերել,- նշեց Վ. Այվազյանը` ավելացնելով,- Ինչո՞ւ է գործը գնում արբիտրաժային` Նյու Յորքի հարավային շրջան, որովհետև ՀՀ նախկին կազմակերպության երեք անդամներին նույն ձևի քցել են մեր շատ հարգարժան ընկերները, որտեղ Վարդան Այվազյանը հանդես էր եկել` նաև պահանջելով, որ խնդրում եմ` գործեք տվյալ իրավական դաշտում` որպես նորմալ բիզնեսմեն գործընկերներ»:
Վ. Այվազյանը` դիմելով լրագրողներին, ասաց, որ թող նշեն այն մարդու անունը, որից ինքը գումար է պահանջել: Նրա պնդմամբ` այդ մարդը չկա, իսկ այդ գործերն էլ, ինչպես նա ասաց, «կարկտվել« են լրատվության միջոցով:
«Մեկ անգամ որևէ մեկի բերանից չեմ լսել սա: Եվ ինձ համար նորից է լուրջ զավեշտ դառնում ոմանց լուրջ շահագրգռվածությունը: Կարող եմ ասել` ինչո՞ւ… պարոն Բաղդասարյանի որդին աշխատում է «Գլոբալ գոլդում»: «Հետքի» Էդիկ Բաղդասարյանի որդին… Ինչի՞ եք զարմանում: Հիմա ես պարզ ասում եմ` ես ցանկանում եմ այդ վճիռն էլ ունենամ, այդ վճիռն էլ տեսնեմ: Նորից եմ կրկնում` 2008թ. դատարանի վճիռը որոշում է կայացրել` ինչի՞ են 2012թ. ի լուր աշխարհին հայտարարում: Եվ երկրորդ` դատական ամբողջ պրակտիկայում չեմ տեսել մի դեպք, որի պարագայում ես անտեղյակ լինեմ և համացանցից իմանամ,- ասաց Վ. Այվազյանը` ավելացնելով,- Որևէ իրավական հետևանք ես այստեղ չեմ կարող տեսնել: Ի՞նչ վնաս եմ ես տվել, որ որևէ մեկն էլ կարծում է, թե էդքան գումարի հետ կապված ի՞նչ վնաս եմ ես տվել: Այդ վնասի փոխհատուցման հետ կապված` կարող է էդ բաժնետիրական ընկերության խաբված ավանդատուների վնասն է»: